Քիչ առաջ քաղաքապետարանի մոտ մեկնարկեց Կոմիտաս 5-ի բնակիչների բողոքի ակցիան։ Բնակիչները նշեցին, որ կառուցվող շենքի շրջակա շենքերի բնակարաններում ճաքեր են առաջացել, և պահանջում էին դադարեցնել կառուցապատումը՝ լցնել փորված փոսը և կանաչապատել։ Բնակիչներից մեկը, հղում կատարելով Տարոն Մարգարյանի այն հայտարարությանը, որ բավականին գեղեցիկ շենք է լինելու, առաջարկեց շենքը տեղափոխել և կառուցել քաղաքապետարանի դիմացի կանաչապատ տարածքում, որպեսզի ամեն օր այդ գեղեցիկ տեսարանը բացվի նրա լուսամուտից։ Բնակիչները նաև նշեցին, որ նախորդ անգամ իրենց ստիպել են գալ համաձայնության, ինչպես նաև փաստեցին, որ ունեն խայտառակ ձայնագրություններ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպումից, որոնք դեռ չեն հրապարակել։
Բնակիչներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը և հրավիրեց բնակիչներին քաղաքապետարան` քննարկելու այս հարցը։ Բնակիչները գնացին բանակցությունների՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, քանի որ քաղաքապետարանն էր այդպես որոշել։