Ավստրիացի կոլեկցիոներ Էրիխ Լեդերերի ժառանգները Ավստրիայի կառավարությունից պահանջել են հետ վերադարձնել աշխարհահռչակ Գուստավ Կլիմտի «Բեթհովենյան ֆրիզ» կտավը: Նրանց կարծիքով, իշխանությունները կոլեկցիոներին ստիպել են նկարը վաճառել շատ էժան գնով:
«Բեթհովենյան ֆրիզը» Լեդերեր ընտանիքին էր պատկանում 1915-ից: Նացիստական կառավարության կողմից հրեաների ունեցվածքի բռնագրավման արդյունքում 1938-ին նկարը դարձավ պետական ունեցվածք: 1950-ականներին Լեդերերի իրավունքները՝ որպես կտավի սեփականատիրոջ, կրկին վերականգվեցին, սակայն ընտանիքն այդ ժամանակ արտագաղթել էր Շվեյցարիա և չկարողացավ ստանալ իրենց պատկանող արվեստի ստեղծագործությունների մեծ մասը, այդ թվում՝ «ֆրիզը»:
Լեդերերի ժառանգները պնդում են, որ Ավստրիայի իշխանությունները Էրիխ Լեդերերին թույլատրել են հետ ստանալ իրեն իսկ պատկանող արվեստի գործերը միայն այն ժամանակ, երբ վերջինս համաձայնել է «Բեթհովենյան ֆրիզը» վաճառել 750 հազար դոլարով, ինչը, ըստ Christie’s-ի փորձագետների, կտավի իրական արժեքից երկու անգամ քիչ է: