տուն Հասարակություն Մշակույթ Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

380
0

Մահացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանը:

Արտո Սուրենի Չաքմաքչյանը (իսկական անունը՝ Հարություն), ծնվել է 1933 թ. Կահիրեում: 12 տարեկանից սկսել է զբաղվել քանդակագործությամբ: 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։

1960-ական թթ. Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը (Մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը)։

1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրում էր առայսօր։ 1978-ից սկսած՝ քանդակագործություն և գեղանկարչություն էր դասավանդում Քվեբեքի համալսարանում։

Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ։

1970-ական թվականներից Արտո Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, և այլն)։

Նա համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով։

1960-ից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here