տուն Հասարակություն Կյանքը՝ ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա. այսօր Եղիշե Չարենցի ծննդյան...

Կյանքը՝ ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա. այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

595
0

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների համար վեճի առարկա էր, որովհետև նրա փաստաթղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում:

Չարենցը Գուրգեն Մահարիին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

1912 թ. Թիֆլիսում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր:

1913-15 թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914 թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որը թուրքերն օգտագործում են Հայկական հարցը հայ ժողովրդի բնաջնջումով լուծելու համար: 1915 թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների:

1915 թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները, և երկրորդ վաշտի սանիտարների ցուցակում է լինում նաև Եղիշե Սողոմոնյանի (Չարենց) անունը:

1915 թ. սեպտեմբերի 30-ին գումարտակը սկսում է իր մարտական ուղին: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

Առավել հայտնի են Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ:

Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Այս թեմայով գրել է «Լիրիկական բալլադներ», «Ծիածան», «Հրո երկիր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:

1935 թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ին բռնադատվել է և մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: