Փետրվարի 5-ին գազամատակարարման ոլորտում 2011-ից պետպարտքի և գազի գների ձևավորումն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չստեղծվեց: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 58 ձայնով, դեմ քվեարկեց նախագծին, որի հեղինակներն էին Աժ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ու ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը:
Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ժամանակավոր հանձնաժողովին ՀՀԿ-ի կողմ չլինելու համար, որպես պատճառաբանություն նշում էր այն հանգամանքը, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կողմնակիցներն ու նախաձեռնողները ձևաչափը ճիշտ չեն ընտրել: Աբրահամյանի խոսքով, անհրաժեշտ էր նախագիծը կազմելիս ներառել նաև իշխանության ներկայացուցիչներին, ովքեր կծանոթանային ու կուսումնասիրեին հարցը:
Եվ ահա, կարճ ժամանակ անց, ՀՀԿ-ն ինքն է նախաձեռնում գազամատակարարման ոլորտում 2011-ից պետպարտքի և գազի գների ձևավորումն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: ՀՀԿ-ն իր այս քայլով ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում ինքը մոնոպոլ դիրք է գրավում և եթե որևէ բան պետք է նախաձեռնվի, ապա նախաձեռնողները իրենք պետք է լինեն:
Այս պարագայում կարևոր է ոչ թե այն, որ ՀՀԿ-ին հակադարձելով պետք է մերժել հանձնաժողով ստեղծելու առաջարկը, այլ պետք է հասկանալ, որ ՀՀԿ-ն իրեն ձեռնտու խաղ է սկսել, և եթե նրանք մտնում են այդ խաղի մեջ, ապա պետք է գործեն նրանց դաշտում, իսկ վերջում պետք է տանուլ տան այդ խաղը:Կարելի է վաստահ ասել, որ ԱԺ մյուս խմբակցությունները հասկանում են, թե որն է ՀՀԿ-ի իրական նպատակը, և եթե գիտակցելով այդ գնում են նրանց ընդառաջ, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում, և հասկանալի կդառնա, որ բոլորը խաղում են ՀՀԿ-ի խաղը: