Կառավարությունը պատրաստ է մանրամասն բացատրել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նրբությունները, բայց նրա սահմանադրականության հարցը քննարկելու բանավեճի մեջ չի մտնելու: Այս մասին այսօր ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: Նա, ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԿԿ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը այսօր պատասխանեցին կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Կրկին մտնել դեբատների մեջ՝ սահմանադրական է արդյոք լուծումը, թե ոչ, պատրաստ չենք, որովհետև եթե մենք 10 տարի շարունակ դա քննարկել ենք, անցել է օրենսդրական քննարկում, անցել է ամենաբարձր մակարդակով քաղաքական բոլոր ուժերի հետ քննարկումներ՝ երկրի նախագահի մոտ տեղի են ունեցել բոլոր ուժերի մասնակցությամբ քննարկումներ, հիմա ևս մեկ անգամ անդրադառնալ սահմանադրականության հարցին, ես անիմաստ եմ համարում: Դա բոլոր առումներով ինստիտուցիոնալ ինստանցիաները անցած քննարկում է»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 1974թ հետո ծնվածները պարտադիր պետք է միանան կենսաթոշակային կուտակային նոր համակարգին, որի արդյունքում նրանց փաստացի ստացվող աշխատավարձը նվազելու է: Սա առաջացրել է մի շարք աշխատողների դժգոհությունների, որոնց առաջին շարքերում ծրագրավորողներն են: Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը կառավարությունը համարում է անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում 1 աշխատողին մեկ թոշակառու է բաժին ընկնում, ինչը աննպատակահարմար է դարձնում գործող կենսաթոշակային համակարգի գոյությունը: