Երևանի կենդանաբանական այգում վերջին օրերին գրանցված՝ թափառող շների հարձակման դեպքերը դարձել են լայն քննարկումների առիթ: Ստեղծված իրավիճակում ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, որոնք նաև տարակուսանք են առաջացնում:
Այսօր տեղեկություն ստացվեց, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները նամակ են հանձնել ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարան, որում, ի թիվս այլ հարցերի, դեմ են արտահայտվում տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունների դադարեցմանը: Հարցն այն է, որ այդ նույն աշխատողները ժամանակին բողոքի ակցիաներ էին անում և դժգոհում տնօրենից: Բողոքող աշխատակիցները մասնավորապես պնդում էին, որ Ռուբեն Խաչատրյանն ականջալուր չի լինում, իրենց խորհուրդները չի լսում, և հենց այդ պատճառով են Կենդանաբանական այգում անընդհատ կենդանիներ սատկում: Մի երևույթ, որ գրանցվեց նաև վերջին օրերին: Առնվազն տարօրինակ է, որ նույն պատրվակը հիմա այլ սցենար է նախանշում:
Այսօր արդեն ԵԿԱ աշխատակիցները տեղեկացրել են, որ նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, ժողով են անցկացրել, որի շրջանակում որոշում է կայացվել համապատասխան պահանջով նամակ հասցեագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ պարոն քաղաքապետ, Մենք՝ Երևանի կենդանաբանական այգու ներքոստորագրյալ աշխատակիցներս, ստիպված ենք կրկին անգամ նամակով դիմելու Ձեզ. Մեր կարծիքն ենք հայտնում վերջին օրերին կատարվող իրադարձությունների և դրան հաջորդած՝ մեր տնօրենի հրաժարականի դիմումի վերաբերյալ։ Հայտնում ենք, որ միանշանակ ԴԵՄ ենք նրա լիազորությունների դադարեցմանը՝ հորդորելով նրան օրենքով սահմանված ժամկետում ետ վերցնելու իր հրաժարականի դիմումը։ Հրապարակայնորեն հայտարարում ենք, որ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ողջ աշխատանքային կոլեկտիվը միահամուռ և անձնվեր աշխատում է Երևանի կենդանաբանական այգին միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որի տեսլականը մշակել է ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դեռ 2011 թվականին»,- ասված է ԵԿԱ աշխատակիցների նամակում:
Հետաքրքրական է, որ նամակի տակ ստորագրած աշխատակիցները նաև մեղադրանքներ են հնչեցրել տնօրենի դեմ պարբերաբար ցույցեր կազմակերպած անձանց հասցեին, կասկածի տակ առնելով նրանց՝ կենդանաբանականի աշխատակից լինելը: Որքանո՞վ են կողմերը անկեղծ իրենց մղումներով, ինչո՞ւ տնօրենի հրաժարականից մի քանի օր անց Ռուբեն Խաչատրյանի համախոհների թիվն ավելացավ, դեռ հայտնի չէ, բայց որ ԵԿԱ-ի շուրջ ստեղծված իրավիճակը դեռ նոր զարգացումներ է խոստանում, հաստատ է…
Արա Ալոյան