Հայաստանի կենտրոնական բանկը երեկ 1.3 տոկոսային կետով իջեցրեց այս տարվա տնտեսական աճի իր նախկին կանխատեսումը:
Այսպես` եթե առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում տարեվերջի համար ԿԲ-ն կանխատեսել էր 5.4%-ից 6.1% տնտեսական աճ (միջին արժեքը՝ 5.8%), ապա այս եռամսյակի ծրագրում ԿԲ-ն արդեն կանխատեսել է 4.1-4.7% տնտեսական աճ (միջին արժեքը՝ 4.5%): Այս նվազման հիմքում ԿԲ-ն միաժամանակ մի քանի գործոն է դրել, որոնցից մեկը մասնավոր տրանսֆերտների աճի տեմպի նվազումն է: Այսպես` եթե 3 ամիս առաջ ԿԲ-ն սպասում էր արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների 7-9% աճ, ապա այսօր նա արդեն կանխատեսում է 4.5-6.5% աճ: Մյուսը պետության վարած հարկաբյուջետային քաղաքականության (պետական ծախսերի) գնահատումն է: Նախկինում Կենտրոնական բանկը «ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը» գնահատում էր «1.5 տոկոսային կետ ընդլայնող», իսկ այժմ՝ միայն «0.7 տոկոսային կետ ընդլայնող»:
Ավելի վատատեսական են դարձել նաև արտաքին ապրանքաշրջանառությանը վերաբերյալ սպասումները: «2014թ. արդյունքներով՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կկազմի 11-13%, ներմուծման իրական աճը՝ 3-5%»,- ասված էր այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Իսկ երկրորդ եռամսյակի ծրագրում արդեն գրված է. «2014թ. արդյունքներով՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 5.5-7.5%, ներմուծման իրական աճը՝ 1.5-3.5% միջակայքում»: