տուն Տնտեսական ԿԲ. ՀՀ բնակչության եկամուտներում պահպանվում է արտերկրից տրանսֆերտների մեծ մասնաբաժինը

ԿԲ. ՀՀ բնակչության եկամուտներում պահպանվում է արտերկրից տրանսֆերտների մեծ մասնաբաժինը

213
0

դոլարԿենտրոնական բանկը օրերս հրապարակեց անցած տարվա ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվությունը, որտեղ նոր տվյալներ կան արտաքին մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կենտրոնական բանկը վերջերս հետազոտություն է անցկացրել տնային տնտեսությունների շրջանում, որից պարզվել է, որ ՀՀ բնակչության եկամուտներում  պահպանվում է արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների մեծ մասնաբաժինը:

«Ըստ ՀՀ ԿԲ հարցումների՝  արտերկրից փոխանցումներ ստանում են հարցված տնային տնտեսություններիշուրջ  16%-ը: Ըստ այդմ՝ վերոնշյալ փոխանցումները էական ազդեցություն են ունենում բնակչության կենսամակարդակի, վարկունակության,  հետևաբար նաև ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա»,- ասված է Կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվությունում:

Ուշագրավ է, որ նախկին տարիներին հարցվածների շատ ավելի մեծ տոկոսն էր նշում, որ եկամուտներ են ստանում արտերկրից (մինչև 30-35%-ը): Այն, որ դրամական փոխանցումներ ստացող ընտանիքների թիվը նվազել է՝ ամենայն հավանականությամբ կապված է արտագաղթի հետ: Արտագաղթած ընտանիքներն այլևս դեպի Հայաստան փոխանցումներ կատարելու կարիք չունեն: Սա չափազանց բացասական միտում է, որն այս պահի դրությամբ շարունակվում է:

Այնուամենայնիվ, փոխանցումների ծավալը բավականին նշանակալի է: «ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների  առաջանցիկ աճի պայմաններում աճել է նաև ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումներ/ՀՆԱ  հարաբերակցությունը և կազմել 17%, ինչը այլ երկրների համեմատ բավականաչափ բարձր է»,- ասված է ֆինանսական կայունության հաշվետվության մեջ: