ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորից ամփոփեց օրը՝ նոր տվյալներ ներկայացնելով կորոնավիրուսի կասկածով մեկուսացված ՀՀ քաղաքացիների մասին, որոնք գտնվում են «Գոլդեն փելես» հյուրանոցում:
«Մեր հիվանդը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նույն վիճակում է, այս պահին չի ջերմում, բուժման անհրաժեշտություն չկա, մենք սպասում ենք, որ նրա իմունային համակարգը հաղթի վիրուսին: Եթե այլ զարգացումներ լինեն, բուժման ավելի ակտիվ գործողություններ կկատարվեն:
Ինչ վերաբերում է Ծաղկաձորում մեկուսացված մարդկանց, նրանք ևս նույն վիճակում են, այսինքն՝ ախտանշաններ չունեն, բողոքներ չունեն, ջերմություն չունեն և մեկուսացված են անվտանգության նկատառումներից ելնելով:
Հաշվի առնելով, որ գրիպի սեզոն է, շատ մարդիկ են դիմում բժշկական հաստատություններ: Եկեք պայմանավորվենք, որ մենք կտանք միայն հաստատված տեղեկություններ: Մինչ այժմ 170 մարդ է ստուգվել և ունենք միայն մեկ դրական պատասխան: Խառնաշփոթ կլիներ, եթե հայտնեինք բոլոր ստուգումների մասին»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: