Շուտով՝ փատրվարի 24-ին, կսկսվի Մեծ Պահքը։ Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
Իսկ ինչպես են Մեծ Պահքի խորհրդին հետևում հայկական շոուբիզնեսի աստղերը։ AraratNews.am-ը զրուցել է «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող, մոդել Արենա Զեյնալյանի հետ:
Արենա Զեյնալյանը Թեհրանում ապրելու ընթացքում պահք պահել է, բայց ներկայումս չի պահում, քանի որ «ճնշումն ընկնում է»:
«Ինձ թվում է, ավելի ճիշտ է, որ այդ օրերին մարդը փորձի չչարախոսել, պոզիտիվ մտածել, ուրիշներին օգնել իր հնարավորությունների չափ, եթե ասենք ուտելիքով էլ չի կարողանում դա անել, փորձի ասենք իր մտածելակերպով, խոսքերով դա անել», — AraratNews.am-ի հետ զրույցում նշեց Արենա Զեյնալյանը:
Մոդելը նշեց, որ իր ընտանիքի անդամները, ինչպես նաև պարսկահայերի մեծ մասը միշտ պահք պահել և պահում են. «Քրիստոնեության հետ կապված իրենք 0-100 ամեն բան պահում են: Կարող են այնպես պահք պահել, որ չիմանաս էլ նույնիսկ: Ոչ ոք չի հասկանում, որ այդ մարդը պահք է պահել»:
Արենա Զեյնալյանը նաև հավելեց, որ ինքն անգամ իր մտերիմ ընկերուհուց չի իմացել, որ վերջինս պահք է պահում: Պարսկահայերը սրտանց են պահք պահում. «Հենց էտա իմաստը, որ մարդ իր սրտի խորքում պետք է պահք պահի և ոչ թե բարձրաձայնի ու ասի`վայ, տեսեք ես պահք եմ պահում: Թեկուզ, այնտեղ (խմբ. Իրան) հարցնում էին` պահք եք պահում, իրենք չէին պատասխանում: Այդ օրերին, եթե նույնիսկ հարսանիքների էինք լինում, իրենց համար առանձին բուֆե էր լինում»: