տուն Լուրեր Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ ՀԲՃ

Կարո՞ղ է արդյոք Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանի կառավարությանը ստիպել հրաժարվել Ամուլսարից․ ՀԲՃ

250
0

ՀԲՃ-ն ներկայացրել է չեխ իրավագետ Մարտին Մադեյի վերլուծությունը՝ Ամուլսարի հարցով միջազգային արբիտրաժային խնդիրների մասին:
     2018թ․ օգոստոսին օֆշորային Լիդիան Ինթերնեշնլը հիմնադրել է երկու դուստր ձեռնարկություն՝ մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Կանադայում, որոնց սեփականատերն ամբողջությամբ՝ 100% մասնաբաժնով, հենց ինքն է՝ Լիդիան Ինթերնեշնլը։ Այնպես է ստացվել, որ Մեծ Բրիտանիան և Կանադան այն եզակի երկրներից են, որոնց հետ Հայաստանն ունի երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնց մեջ, սակայն, հանքարդյունաբերական գործունեության համար բացառություններ նախատեսված չեն:
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիդիան Ինթերնեշնլն իր գործունեությունը ծավալում է միայն Հայաստանում և Վրաստանում, նոր ընկերություններ հիմնելու այլ ակնհայտ պատճառ, քան միջազգային արբիտրաժի ընդդատությունն ապահովելու շարժառիթն է, չկա։
     Նմանօրինակ վարքը, սակայն, հստակորեն խախտում է միջազգային արբիտրաժի ընթացակարգային կանոնները:

«Այն բանից հետո, երբ 2018թ․ հուլիսից ի վեր տեղի բնակիչներն, առանց կառավարության միջամտության, շրջափակեցին դեպի Ամուլսար տանող ճանապարհները և խոչընդոտեցին Լիդիան Ինթերնեշնլ ՍՊԸ-ի (այսուհետ՝ Լիդիան Ինթերնեշնլ) հանքարդյունաբերական գործունեությունը, 2019թ․ մարտի 11-ին վերջինս հայտարարեց, որ իր դուստր ընկերությունների՝ Lydian U.K. Corporation Limited-ի (Լիդիան Մեծ Բրիտանիա) և Lydian Canada Ventures Corporation-ի (Լիդիան Կանադա) միջոցով պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՀՀ կառավարությանը վեճի առկայության մասին: Այսպիսով, Լիդիանը հայտարարեց Հայաստանին դատի տալու իր մտադրության մասին, եթե Հայաստանը չկատարեր Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ երկկողմ ներդրումային համաձայնագրերով ենթադրվող իր պարտավորությունները:

Սույն հոդվածի հեղինակ, չեխ իրավագետ Մարտին Մադեյի նպատակն է վերլուծել «Լիդիան Մեծ Բրիտանիա» և «Լիդիան Կանադա» ընկերությունների հնարավոր հայցերի բնույթը:

Լիդիան Ինթերնեշնլի՝ ներդրումային պայմանագրերով ընդդատություն ապահովելու սխեման
     Սկսենք փաստերից․ Լիդիան Ինթերնեշնլը գրանցվել է Ալբերտայում (Կանադա) 2006թ․։ Մեկ տարի անց, ընկերությունը տեղափոխվել է «հարկային դրախտ» հանդիսացող Ջերսի` Նորմանդյան կղզիներ (Jersey in the Channel Islands)։ Ընկերությունն, իր մասնաճյուղերով, գրասենյակներ ունի Երևանում (Հայաստան) և ԱՄՆ Քոլորադո նահանգի Գրինվուդ Վիլիջում. վերջինս, ենթադրաբար, ամերիկյան ներդրողներին ներգրավելու համար է ստեղծվել։ Իրականում, նրա բաժնետոմսերի 56.35%-ը ներկայումս գտնվում են ներդրումներ կառավարող երեք խոշոր ընկերությունների ենթակայության ներքո՝ RCF Management LLC, Orion Resource Partners և Franklin Advisers, որոնք բոլորն էլ գործում են ԱՄՆ-ում։

Այժմ, եթե Լիդիան Ինթերնեշնլը որոշել է միջազգային արբիտրաժն օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ, այն չէր կարող ներկայանալ որպես ընկերություն Ջերսիից (քանի որ չկա միջազգային համաձայնագիր) կամ Երևանից (քանի որ հայցվորի երկիրը չի կարող ծրագրի իրականացման երկիրը լինել): Այն ստիպված պետք է հայց ներկայացներ որպես ԱՄՆ-ում գրանցված ընկերություն և արբիտրաժի պայմաններն էլ կսահմանվեին ըստ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտանության համաձայնագրի (կնքված 1992թ-ին, որն ուժի մեջ է 1996թ-ից): Սակայն ինչպես նշված է համաձայնագրին կից փաստաթղթում, Հայաստանը պահպանում է իր իրավունքը փոփոխելու ԱՄՆ բիզնեսների հանդեպ իր պարտավորությունը՝ մասնավորապես բնական ռեսուրսների ոլորտում ներդրումների հանդեպ: Հետևաբար, Լիդիան Ինթերնեշնլը Հայաստանում իր գործունեության հենց սկզբից չէր կարող հիմնվել Հայաստանի կառավարության կողմից իր ներդրումների պաշտպանության դրույթի վրա՝ բացի այն պաշտպանությունից, որը առկա է տեղական բիզնեսների համար:

2018թ․ օգոստոսին Լիդիան Ինթերնեշնլը հիմնադրել է երկու դուստր ձեռնարկություն՝ մեկը Մեծ Բրիտանիայում, մյուսը՝ Կանադայում, որոնց սեփականատերն ամբողջությամբ՝ 100% մասնաբաժնով, հենց ինքն է՝ Լիդիան Ինթերնեշնլը։ Այնպես է ստացվել, որ Մեծ Բրիտանիան և Կանադան այն եզակի երկրներից են, որոնց հետ Հայաստանն ունի երկկողմ ներդրումային համաձայնագրեր, որոնց մեջ, սակայն, հանքարդյունաբերական գործունեության համար բացառություններ նախատեսված չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիդիան Ինթերնեշնլ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանում եւ Վրաստանում, նոր ընկերություններ հիմնելու այլ ակնհայտ պատճառ, քան միջազգային արբիտրաժի ընդդատությունն ապահովելու շարժառիթն է, չկա։ Նմանօրինակ վարքը, սակայն, հստակորեն խախտում է միջազգային արբիտրաժի ընթացակարգային կանոնները:

Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնը (ՆՎԼՄԿ) «Phoenix Action Ltd.-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության» գործում (Ic sin գործ N. Aiss/06/5, Award, 15 2009թ․ ապրիլ) գտել է, որ ՆՎԼՄԿ-ի ընդդատությունը չի գործում, եթե հայցվորը ստեղծում է իրավական պատրանք՝ միջազգային արբիտրաժային ընթացակարգի հասանելիությունն ապահովելու համար, որն ի սկզբանե չի ունեցել»: Ինչպես Լիդիան Ինթերնեշնլը, տվյալ դեպքում Phoenix Action Ltd-ն նույնպես փորձել էր շրջանցել դատավարական ընթացակարգի կանոնները` շինծու գործունեություն ցույց տալու միջոցով, սակայն չէր հասել հաջողության:

Ֆինեքս-ի (Phoenix Award) գործով ընդունված որոշումը մեջբերվել է «Մոբիլ Քորփորեյշընը և մյուսները ընդդեմ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության» գործում, որտեղ ՆՎԼՄԿ-ն հրաժարվել է լսել ներդրումների հետ կապված մի շարք վեճեր, որոնք նախորդել էին հայցվորների կորպորատիվ վերակազմավորումներին` իրականացված Նիդեռլանդների և Վենեսուելայի միջև կնքված փոխադարձ ներդրումային համաձայնագրի պաշտպանությունից օգտվելու նպատակով:[1]

Ներդրումային համաձայնագրի հիմքով գործող դատարանը, հետևաբար, չի ունենա ratione temporis ընդդատություն, երբ ներդրումային համաձայնագրով չպաշտպանված ներդրողը վերակազմավորում է իր ներդրումը, որպեսզի ընկնի պաշտպանության շրջանակի մեջ այն տարեթվից հետո, երբ տեղի է ունեցել ընդունող պետության հետ վեճ հանդիսացող գործողությունը[2]: Լիդիան Ինթերնեշնլի դեպքն է՛լ ավելի պարզորոշ է, քանի որ նրա դուստր ընկերությունները նույնիսկ չեն փորձել ձևացնել, որ ներդրում են արել Հայաստանում:

Այս վերլուծությունը եզրակացնում է, որ Լիդիան Ինթերնեշնլի գործողությունը կձախողվի արդեն իսկ ընթացակարգային հիմունքներով: Ստորև կներկայացնեմ, որ բովանդակային հիմքով նույնպես նման հայցը ենթակա է ծախողման։

Լիդիան ինթերնեշնլի ներդրումները ներդրումային համաձայնագրերով պաշտպանության ներքո չեն գտնվում
     Ինչպես վկայում են հրապարակված փորձագիտական ուսումնասիրությունները, Ամուլսարում հանքի շահագործումը, նույնիսկ ժամանակակից կանխարգելիչ և մեղմացուցիչ միջոցառումների իրականացմամբ, իրենից նշանակալի ռիսկ է ներկայացնում բնական միջավայրի և տեղի բնակչության առողջության համար։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ Հայաստանը մի շարք միջազգային պայմանագրեր/կոնվենցիաներ է ստորագրել՝ պարտավորվելով պաշտպանել մարդու իրավունքներ (օրինակ՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում), պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունը (Կենսաբազմազանության մասին կոնվենցիա, Բեռնի կոնվենցիա) և այլն։

Այժմ, եթե Հայաստանի կառավարությունն ինքն է որոշում իր քաղաքացիներին ու բնության ժառանգությունը վտանգել հանքարդյունաբերական գործունեության պատճառով, միջազգային կոնվենցիաների համապատասխան մարմինները կարող են դա համարել իբրև միջազգային իրավունքի խախտում, որի հիմքով պետությունը կարող է ենթակա լինել տույժերի և իրավական ու քաղաքական պատասխանատվության այլ տեսակների։

Այդուհանդերձ, պետության սուվերեն իրավունքը կլինի շարունակել հանքարդյունաբերական գործունեությունը։

Լիդիան Ինթերնեշնլը չունի՛ նման արտոնություն։ Համաձայն Կանադայի և Հայաստանի միջև կնքված ներդրումային երկկողմ համաձայնագրի Հոդված 1 (f) կետի, ««ներդրում» է համարվում երրորդ պետության ներդրողի միջոցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետվող կամ վերահսկվող ցանկացած տեսակի ակտիվ […] վերջինիս օրենսդրության համաձայն»։ Սրանից հետևում է, որ Լիդիան Ինթերնեշնլի ներդրումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 5-ի՝ միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի անօտարելի մասն են կազմում։ Լիդիան Ինթերնեշնլը (դրա ընկերությունները Միացյալ Թագավորությունում կամ Կանադայում) չեն կարող Հայաստանի դեմ պահանջներ ներկայացնել զուտ այն պատճառով, որ նրանց գործունեությունը խախտել է Հայաստանի բնակիչների իրավունքները և Հայաստանի միջազգային պարտավորություններով պաշտպանության ներքո այլ արժեքներ։ Ի վերջո, չկա ո՛չ տրամաբանական, ո՛չ էլ իրավական պատճառ պնդելու, թե Հայաստանի Հանրապետությունը կամ իր քաղաքացիները պետք է սպասեն, որ Լիդիան Ինթերնեշնլը հանքարդյունաբերական գործունեությամբ վերը նշված վնասը հասցնի և միայն դրանից հետո հիշեն, որ Հայաստանն ունի միջամտելու պարտականություն։

Որպես եզրահանգում, ինչպես նկարագրվեց վերը, ներկա հանգամանքներում Լիդիան ՄԹ և Լիդիան Կանադական ընկերությունների կողմից Կանադայի և ՄԹ հետ կնքված ներդրումային համաձայնագրերի շրջանակներում արբիտրաժային հայցերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ․

Ներդրումային վեճերի լուծման կենտրոնը (ներդրումային արբիտրաժը) չի ունենա ընդդատություն այն դեպքում, երբ ներդրողը չարաշահում է միջազգային արբիտրաժը, որպեսզի պաշտպանի իր ներդրումները՝ արհեստականորեն երրորդ երկրներում դուստր ընկերություններ գրանցելով, և
     Հայաստանի Հանրապետությունն ամեն դեպքում չունի պարտավորություն պաշտպանելու Լիդիան Ինթերնեշնլի, Լիդիան Կանադայի կամ Լիդիան ՄԹ-ի ներդրումները, եթե նման ներդրումները խախտում են Հայաստանի օրենսդրությունը, ներառյալ միջազգային պայմանագրերը, որոնք այդ օրենսդրության մասն են կազմում։
     Մարտին Մադեյ, իրավագետ (Չեխիա)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here