ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հրաժարականի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերի մասին այսօր արձանգանքել է՝ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում:
«Այդպիսի բան չկա»,- ասել է Տոնոյանը, ապա հավելել է, որ որևիցե քննարկում չի եղել այդ թեմայով։
Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չի կարող մեկնաբանել, քանի որ դա անձնական որոշում է եղել։ Ինչ վերաբերում է Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը, Դավիթ Տոնոյանը կրկին ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ.
«Մեկնաբանությունն իր իրավասությունն է, կարծում եմ, որ Վանեցյանը ժամանակին դա կանի»։
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ հրաժարականի պատճառը եղել են տարաձայնությունները, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ առանց պատճառի որևէ հրաժարական չի լինում»։
Նա նաև հավաստիացրել է, որ իրեն հայտնի չէ Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։