Ուկրաինայում Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության Կոքս-Կվասնևսկու մանդատը երկարաձգվել է մինչև նոյեմբերի կեսեր: Այս մասին ուկրաինական «Ֆորում» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Նրա խոսքով` Եվրախորհրդարանի նախագահների համաժողովը (Եվրախորհրդարանի ղեկավար կառույց, որը կազմում են Եվրախորհրդարանի և քաղաքական խմբերի նախագահները) կվերադառնա Ուկրաինայի հարցով դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ: Նա կարևորել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի լուծումը, որը կբավարարի բոլոր կողմերին:
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը պայմանավորված է Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պարտավորությունները չկատարելով:
«Կոքս-Կվասնևսկու հաշվետվության մեջ նշված է, որ Ուկրաինան դեռ չի կատարել ԵՄ հետ Ասոցացման համաձայագրի ստորագրման պահանջները, ինչը կարող է լրջորեն ազդել Ուկրաինայի հետ պայմանագիրը ստորագրելու ԵՄ որոշման վրա»,- նշել է Կարլ Բիլդտը:
Աղբյուր` Panorama.am