Երեկ Վարչական դատարանում տեղի ունեցավ Կոմիտասի 5-ի իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի դեմ ոստիկանության հայցի քննության առաջին դատական նիստը:
Հայցվոր կողմը դատարանից խնդրեց վարչական պատասխանատվության ենթարկել Արմեն Մկրտչյանին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար և նշանակել տուգանք 50000 դրամի չափով: Պատասխանող կողմը չընդունեց հայցվոր կողմի ներկայացրած մեղադրանքը:
Արմեն Մկրտչյանը նշեց, որ իրեն ոստիկանության աշխատակիցների կողմից որևէ օրինական պահանջ չի ներկայացվել.
«Միայն մեկ անգամ քաղաքացիական հագուստով բավական հաղթանդամ անձ բղավել է, որ դուրս գամ ճանապարհի երթևեկելի մասից: Ես պահանջել եմ նրանից ներկայանալ, քանի որ ոստիկաններին անընդհատ նա հրամաններ էր տալիս: Նա չի ներկայացել և հետագայում պարզվել է, որ նա Արաբկիրի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից է: Բացի այդ անձից, որևէ մեկի կողմից որևէ տեսակի պահանջ չեմ ստացել»:
Արմեն Մկրտչյանը նաև նշեց, որ իրեն բերման ենթարկելու պատճառը մինչև այդ պահը Կարեն Մովսիսյանի հետ ունեցած խոսակցությունն է եղել.
«Այդ օրը, երբ Կարեն Մովսիսյանը տեսավ ինձ այդտեղ՝ մայթին կանգնած` շինարարության կողքին, ինձ հորդորեց որպեսզի գնամ՝ հարազատաբար ներկայացնելով իր հորդորը , քանի որ ըստ նրա իմաստ չունի պայքարել, ինչպես ինքն ասեց, Ֆլեշի Բարսեղի դեմ: Ես ծիծաղեցի: Այնուհետև, երբ ֆիրմայի տնորենի հայրը եկավ և փոքր պրովոկացիա տեղի ունեցավ, Կարեն Մովսիսյանը ինձ կանչեց մի կողմ և սկսեց հայհոյախառն արտահայտություններ անել թե շինարարությունը անցկացնողի, և թե ՀՀ իշխանությունների հանդեպ: Ես նրան հորդորեցի նման կերպ չվարվել: Նրան ասեցի, որ ամոթ է, դու ներկայացնում ես ՀՀ ոստիկանությունը և քեզ այսպես ես պահում և իմ կողքին կանգնած իմ տարիքով փոքր ընկերը քեզ տեսնում է: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա ես և քեզ նման բան ես թույլ տալիս: Նա շրջվեց և գնաց: Այնուհետև երբ ես մայթին կանգնած էի, տեսա, թե ինչպես նույն Կարեն Մովսիսյանը ասեց բռնեք Արմենին՝ մատնացույց անելով ինձ: Ինձ մոտեցան, հրելով տարան դեպի գազել մակնիշի ավտոմեքենա և մտցրեցին մեքենան»:
Կարեն Մովսիսյանն իր վկայության մեջ նշեց, որ Արմեն Մկրտչյանը իր ֆեյսբուքյան ընկերն է, ակտիվ քաղաքացի է, և որ ակցիաների ընթացքում բազմիցս հանդիպել է նրան: Նա նշեց, որ Արմեն Մկրտչյանը այդ օրը եղել է Կոմիտաս 5-ում և կատարել է ակտիվ գործողություններ.
«Արմեն Մկրտչյանը, գտնվելով գծանշումների վրա՝ երթևեկելի հատվածում, բացի այն, որ չէր կատարում ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջները, նաև ֆիզիկական կոնտակտի մեջ էր մտնում ոստիկանների և այն քաղաքացիների հետ, որոնց ոստիկանները փորձում էին հեռացնել երթևեկելի հատվածից»:
Վկայություն տվեցին նաև ոստիկանության երկու աշխատակիցներ:
Նրանցից առաջինը նշեց, որ մի քանի անգամ Արմեն Մկրտչյանին ներկայացրել է օրինական պահանջ, սակայն երբ հարց հնչեց, թե նա ճանաչում է արդյոք Արմեն Մկրտչյանին, նա շրջվեց դեպի պատասխանողի կողմը և հայացքը ուղղեց Արմեն Մկրտչյանի ներկայացուցչին:
Երկրորդ վկան նշեց, որ անձամբ չի ճանաչում Արմեն Մկրտչյանին, սակայն բազմիցս ակցիայի մասնակիցներին ներկայացրել է պահանջներ, որոնք չեն կատարվել:
Դատական նիստը հետաձգվեց: