Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը:
Ըստ որի` կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում և աստիճանաբար՝ նաև կիսափակ տարածքներում: Որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում, որոշակի կարգավորումներ են նախատեսվել նաև ծխախոտի վաճառքի և ծխախոտային ապրանքատեսակների առաջխաղացման և գովազդի սահմանափակման ուղղությամբ:
Նախարար Արսեն Թորոսյանն իր ելույթում ընդգծել է, թե որքան բացասական ազդեցություն է թողնում ծխելը մարդկանց առողջության վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կառավարության անդամների 80 տոկոսը, մարզպետների 100 տոկոսը չեն ծխում, ինչը կարևոր ցուցանիշ է:
Հայաստանում ծխախոտի օգտագործումը և դրա պատճառով առաջացած հիվանդությունների հիվանդացության ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական, սոցիալական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում:
Ըստ 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների`
— Հայաստանի բնակչության 28%-ը ծխում է, որոնցից գրեթե բոլորն էլ ծխախոտ ամեն օր օգտագործում են:
— Ներկայումս ծխում են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ 2%-ը:
— 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:
— Արձանագրվել է, որ հղի կանանց ավելի քան 70%-ն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:
Հայաստանը բնութագրվում է «Ոչ վարակիչ հիվանդությունների» (ՈՎՀ) բարձր բեռով: ՈՎՀ-ին վերագրելի են քաղցկեղի տարբեր ձևերը (առավել հաճախ՝ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի և կրծքի), սրտի իշեմիկ հիվանդությունը, կաթվածը և այլն, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, դիաբետը, կատարակտը, մոկուլյար դեգեներացիան և ռևմատոիդային արթրիտը:
Մեր երկրում ամեն տարի գրանցվում է սրտանոթային հիվանդությունների շուրջ 55 000 նոր դեպք, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է: Հակածխախոտային քաղաքականության փաթեթի ներդրման արդյունքում` 15 տարվա կտրվածքով կփրկվեն հազարավոր (7000) կյանքեր, կբարելավվեն բնակչության առողջության ցուցանիշները, քանի որ կկանխվեն քաղցկեղի, կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդությունների հազարավոր դեպքեր: