Կատալոնիայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը «կողմ» է քվեարկել 2014 թվականի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում նշանակված անկախության հանրաքվեի օգտին։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Քվեարկության արդյունքում պատգամավորներից 87-ը «կողմ» է քվեարկել, 43-ը՝ «դեմ» և 3-ը՝ «ձեռնպահ»։ Կատալոնական խորհրդարանի կողմից օրինագիծը հավանություն ստանալուց հետո Մադրիդ է ուղարկվելու խնդրագիր՝ ինքնավար հասարակությանն անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորություն տալու պահանջով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ 2014 թվականի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում նշանակված անկախության հանրաքվեն անօրինական է։ Նրա խոսքերով` հանրաքվեն չի կայանա, և անիմաստ է քննարկել դրա անցկացման հնարավորությունը։
Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարվա հունվարին Կատալոնիայի խորհրդարանն ընդունել էր Անկախության հռչակագիրը, սակայն մայիսին Իսպանիայի սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական էր համարել: