տուն Քաղաքական Հայաստան Կառավարությունը հավանության արժանացրեց ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Կառավարությունը հավանության արժանացրեց ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

245
0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ներկայացված նախագիծը համապատասխանում է միջազգային առաջադեմ փորձին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հաստատեց, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է միջազգային առաջադեմ փորձից:

Նախագծով կատարվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները):

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն և կորցնում է արդիականությունը: Նախագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հավելեց, որ կան ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորում են ստանում բարերարներից, ուստի ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրները հասարակության համար ավելի բաց կդառնան: