տուն Քաղաքական Հայաստան Կառավարության խնդիրն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել իրենց տաղանդը բացահայտելու, զարգացնելու...

Կառավարության խնդիրն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել իրենց տաղանդը բացահայտելու, զարգացնելու պայմաններ. Նիկոլ Փաշինյան

290
0

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարագում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը:

Կարևոր է, որ Հայասատանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ: Այստեղ կա ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:

Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան:

Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը: Ընդ որում, ուզում եմ ևս մի այսպիսի բան ասել. երբ ես խոսում եմ հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ ուզում եմ խոստովանել, որ ինքս անցել եմ այդ փոփոխության ճանապարհով: Ես հիշում եմ մեր առաջին հանդիպումն այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Այն ժամանակ ես Ազգային ժողովի պատգամավոր էի և տարբեր հանգամանքների բերումով հարցը հասունացավ այնպես, որ ես պետք է զբաղվեմ հաշմանդամություն ունեցող անձանց մի շարք օրակարգերով, և երբ տիկին Բաթոյանն այդ հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչներից էր և, օրինակ՝ դիմումներ կային, որոնցով բազմաթիվ մարդիկ ֆինանսական աջակցություն, հաշմանդամության նպաստի բարձրացում էին ակնկալում, և ես ուղղակի հանդիպումը նախաձեռնել էի այդ թեմաները քննարկելու համար:

Այդ խոսակցության ընթացքում տիկին Բաթոյանը շատ կարևոր բան ասաց՝ ենթադրենք այսօր մեր պետությունը, հաշվի առնելով օբյեկտիվ հնարավորությունը, ևս 3.000 դրամով բարձրացրեց այդ նպաստը, ի՞նչ է փոխելու դա կոնկրետ մարդու կյանքում, լավ 5.000 դրամով, ենթադրենք 10.000 դրամով բարձրացվեց, ի՞նչ է փոխելու դա մարդու կյանքում, ճակատագրի մեջ ի՞նչ է փոխվելու: Այո՛, մենք եկանք այն եզրակացության, որ մեծ հաշվով ռազմավարական առումով ոչինչ էլ չի փոխելու, հետևաբար, մեր խնդիրն է այնպես անել, ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մարդն ինքը կարողանա իր հնարավորությունների, տաղանդի շրջանակում ունենալ հնարավորություններ՝ սկսած կրթությունից, ավարտված բիզնես գործունեությունից, էլ չեմ ասում տեղից տեղ շարժվելու հնարավորությունից:

Ես ինչո՞ւ սա շեշտեցի, մտածելով, որ իմ խոսքի առաջին հատվածը կարող է որպես դասախոսություն ընկալվել, ես ցանկացա ասել, որ ընդամենը ինչպես ՀՀ առնվազն շատ քաղաքացիներ, ես էլ այդ ընկալման փոփոխությունների ճանապարհն անցել եմ և հասկանալի է, որ ոչ միայն ես, այլև մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որևէ միտում որևէ հարցում չի ունեցել: Մենք միասին սովորում ենք, սա թերևս պետք է լինի մեր ամենակարևոր հատկությունը՝ սովորել և գիտենալ ավելին, քան գիտենք»,— ասել է Նիկոլ Փաշինյանը: