տուն Քաղաքական Կաշկանդված չեմ որեւէ հանձնարարական կատարելիս. Աջափնյակի նորանշանակ ղեկավար

Կաշկանդված չեմ որեւէ հանձնարարական կատարելիս. Աջափնյակի նորանշանակ ղեկավար

551
0

Այսօր գրել ենք, որ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադեւոսյանը, որը 2018 թվականից հետո մինչեւ նոր պաշտոնի ստանձնելը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը:

Araratnews.am-ը զանգահարեց Թելման Թադեւոսյանին՝ իմանալու՝ իր ցանկությո՞ւնն էր, թե՞ քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկը: «Եղել են տարբեր առաջարկներ, որոնցից մեկը եղել է սա: Ես ընդունել եմ այն: Ստիպողաբար ոչինչ չի եղել»,- ասաց պարոն Թադեւոսյանը:

Արդյոք դժվար չի լինի ֆիզիկապես ամեն օր գնալ աշխատանքի Նուբարաշենից Աջափնյակ, Թելման Թադեւոսյանն ասաց, որ կանի ցանկացած աշխատանք, եթե օգուտ է երկրին:

Հարցին՝ կասի՞, թե ինչ ժառանգություն է ստացել նախկին թաղապետ Գեւորգ Բաբայանից, Թելման Թադեւոսյանը պատասխանեց, որ պարտավոր է պատվով կատարել իր աշխատանքը: «Հիմա, որ ասենք, վատ ժառանգություն եմ ստացել, դրանից ի՞նչ է փոխվելու»,- հակադարձեց մեր զրուցակիցը, ապա հիշեցրեց՝ մի քանի ամիս անց պարզ կդառնա, թե ինչ է թողել իրեն նախկին կուսակիցը:

Արդյոք Աջափնյակի ազատված տեսուչին նորանշանակ թաղապետն աշխատանքի կընդունի: Թելման Թադեւոսյանն ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու է ազատվել, ով է նա: «Աշխատակիցների, մարդկանց հետ խնդիր չունեմ, կարևորն աշխատասեր լինեն»,- վստահեցրեց Աջափնյակի ղեկավարը:

Ենթադրություններ կային, որ Թելման Թադեւոսյանը կաշկանդված է եղել Նուբարաշենում աշխատելիս անդրադառնալ իր նախորդներին, գնահատական տալ նրանց, այդ պատճառով էլ աշխատանքից ազատման դիմում էր գրել: Զրուցակիցս հերքեց այդ տեղեկությունը, հավաստիացրեց՝ կաշկանդված չի եղել երբեք որեւէ հանձնարարություն անել, պարզապես որոշել էր ազատման դիմում գրել, քաղաքապետին էլ տեղյակ էր պահել:

Սոնա Դավթյան