Երեկ եգիպտական ոստիկանությունը ցրել է Կահիրեի «Թահրիր» հրապարակում նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների հանրահավաքը։ Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը։
Ոստիկանությունը հաղորդում է, որ հրապարակում հավաքվածների թիվը չի գերազանցել 100-ը։ Նրանք հավաքվել են հարակից փողոցներում՝ հանդես գալով հակակառավարական կարգախոսներով։ Հանրահավաքի ժամանակ բախումներ են եղել տեղի բնակչության և վաճառականների հետ, սակայն լուրջ հետևանքներից հնարավոր է եղել խուսափել։
Հիշեցնենք, որ զինվորականության միջամտությունից հետո երկրի նախագահ Մուհամադ Մուրսին պաշտոնանկ է արվել։ Ներկայում Եգիպտոսում գործում է ժամանակավոր կառավարություն, որը նախապատրաստում է նոր սահմանադրության ընդունումը։