տուն Հասարակություն Կադաստրի աշխատակցի մեղքով հավելյալ գումար եմ մուծել. քաղաքացին ահազանգում է

Կադաստրի աշխատակցի մեղքով հավելյալ գումար եմ մուծել. քաղաքացին ահազանգում է

359
0

Այսօր Araratnews.am էր զանգահարել մեր համաքաղաքացիներից մեկը, որը մեզ պատմեց կադաստրում իր հետ տեղի ունեցած արկածների մասին։

Մեզ զանգահարած քաղաքացու խոսքով՝ ինքը փորձել է հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերել՝ մյուս տունը գրավադրելու միջոցով։ Երբ բանկի հետ կապված ամբողջ թղթաբանությունն ավարտվել է, նոտարում առք ու վաճառքի պայմանագրերը ստորագրվել են, իրենց տրվել է լիազորագիր, որ գնան կադաստր, բայց այնտեղ բազմաթիվ խնդիրներ են առաջացել։

Քաղաքացին պատմում է, որ կադաստր է ներկայացրել համապատասխան լիազորագիրը, տների առք ու վաճառքի և մյուս տան գրավադրման փաստաթղթերի հետ միասին, վճարել պահանջված 72,000 դրամ գումարը, մոտեցել աշխատակցին, որը, չնայելով լիազորագիրը, վերցրել է փաստաթղթերից միայն մեկը, ըստ երեւույթին կարծելով, թե մյուսը կրկնօրինակ է։ Քաղաքացին ոչինչ չկասկածելով, մտածելով, որ ամեն ինչ ավարտված է, գնացել է տուն։

Մեր զրուցակիցը պատմում է, որ պատասխանը 4 օրից պետք է գար, բայց թուղթն ուշացել է։ Դա էլ քիչ է, բանկում պարզվել է, որ կիսատ գործարք է կատարվել։

Նորից վերադարձել են կադաստր, ներկայացրել, որ աշխատակցի մեղքով է գործարքը խափանվել, կադաստրի տվյալ մասնաճյուղի պետը, չկարողանալով օգնել, նրանց ուղարկել է Կադաստրի կոմիտե։

Այնտեղ 3 ժամ սպասել է, իրեն ոչ ոք չի ընդունել, չեն պատասխանել զանգերին, միայն ՄԻՊ զանգելուց հետո, երբ ասել է, որ 6 ամսական երեխան գրկին 3 ժամ սպասում է, և այդ ամենի մեղավորը կադաստրի աշխատակիցն է, պետն իջել է ներքև, իրեն մեղադրել է և գործարք առաջարկել։

«Եթե ուզում եք փաստաթուղթն այսօր լինի, հիմա վճարեք 150.000 դրամ (պետ)։ Ես էլ ասում եմ, որ եթե կարող եք փաստաթուղթը տալ 2 ժամում և մեղավորը ձեր աշխատակիցն է, ինչո՞ւ պետք է այդքան վճարեմ։ Ինձ պարզաբանեցին, որ համակարգը էլեկտրոնային է, և վճարումը օրենքով սահմանված կարգով է արվում»,- պատմում է նա։

Քաղաքացին, չունենալով այդքան գումար, հաջորդ օրը փաստաթուղթը վերցնելու համար վճարել է 50.000 դրամ։

Նա շատ վիրավորված էր կադաստրի աշխատակիցների անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև վերջիններիս վատ աշխատանքի հետևանքով հավելյալ քաշքշուկի և գումար վճարելու համար։

Փաստաբան Տիգրան Սարգսյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր քաղաքացիները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են միշտ ունենում, քանի որ իրավաբանի ծառայություններից օգտվելու մշակույթ չունենք։

«Ինձ թվում է՝ մեր քաղաքացիների մոտ մշակույթ պետք է ձևավորվի։ Նման գործարքներ կատարելիս իրենք պետք է դիմեն մասնագետներին՝ իրավաբան կլինի, մասնագիտացված կազմակերպություններ կլինեն, որոնք մեր քաղաքացիներին կսպասարկեն։ Այնքան պրիմիտիվ փաստաթղթեր կան, որ մարդիկ չեն հասկանում, չեն տարբերում»,- նշեց Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ քաղաքացիները փաստաթղթերի փաթեթ են տանում կադաստր, կադաստրի աշխատողն էլ է մարդ և բացառված չէ, որ կարող է սխալվել, բայց հակառակն էլ է հնարավոր, քանի որ չենք կարող ապացուցել  կամ հիմնավորվել մեղքը․ «Լավ կլինի՝ ոչ թե մեղավորներ փնտրենք, այլ խնդիրը բարձրացնենք, որ նմանատիպ գործարքներ կատարելիս՝ անշարժ գույքի գրավադրում, ձեռք բերում, հիփոթեքային վարկերի ձևակերպում և այլն, ցանկալի է մասնագետներին դիմեն»։

Սարգսյանի խոսքով՝ մարդիկ փաստաթուղթ են ստորագրում, չեն էլ հիշում՝ ինչ ստորագրեցին, հետո նոր մտածում են՝ միգուցե իրենց խաբել են․ «Չպետք է ափսոսել գումար տալ իրավաբանին և կատարել ճիշտ գործարք։ Դա կօգնի, որ մեր իրավական համակարգն առողջանա»։