Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Մունդիալ 2014-ին ընդառաջ բողոքել է Ռուսաստանում որակյալ ֆուտբոլիստների սակավությունից:
«Ռուսաստանի առաջնությունում խաղում են շատ փոքր թվով երիտասարդներ: Թիմերում խաղում են 4 ռուսաստանցի և 7 օտարերկրացի ֆուտբոլիստներ, այդ պատճառով երիտասարդներին դժվար է հայտնվել հիմնական կազմում: Ռուսաստանն ունի մոտ 140 մլն բնակչություն, իսկ մենք ունենք ընդամենը 65 ակտիվ ֆուտբոլիստ: Դա ուղղակի ծիծաղելի է: Անգլիայում աշխատելու ժամանակ հայտնվեց 11 երիտասարդ ֆուտբոլիստ: Ռուսաստանում աշխատելուս ժամանակ` ընդամենը մեկը: Սակայն ես ձգտում եմ ավելացնել այդ թիվը», — ասել է իտալացին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:
Առաջիկա Առաջնության ֆավորիտներ նա համարում է Իսպանիային, Բրազիլիային, Արգենտինային և Գերմանիային: Ընդ որում, նրա խոսքերով, պետք չէ անտեսել նաև մյուսներին: Իսկ Ռուսաստանի շանսերը նա գնահատեց ցածր: «Դրանք միայն թղթի վրա են», — ասել է իտալացի մասնագետը: