ԱԺ-ում բյուջեի քննարկումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի պաչանքը վթարվել էր ու թափվել Ողջի գետ, և թե ինչպես է պետությունը փոխհատուցելու բնությանը հասցված վնասները. չէ՞ որ մեղավորին վարչական պատասխանատվության ենթարկելով՝ գետը չի մաքրվի, նախարարը պատասխանեց․ «Հանձնարարականներ կարող են տրվել նաև օրենսդրության շրջանակներում՝ նախկին տեսքի բերելու, մաքրելու որոշակի գործողություններ իրականացնելու համար։ Բնապահպանության տեսչական մարմինն ուղղակի կամ նախարարության հետ միասին կարող է պարտավորեցնել այդ գործողություններն իրականացնել»։
Իսկ այս պահին ի՞նչ է արվում գետի աղտոտվածության հետ կապված․ «Այս պահի դրությամբ, եթե տեսչական մարմինը վերջնական չի ամփոփել իր եզրակացությունը, չեմ կարող պատասխանել, թե ինչ հանձնարարականներ են տրված»,- ասաց Գրիգորյանը։
Իսկ թե գետը թափված թափոններն ինչ ազդեցություն կարող են ունենալ գետի վրա, նախարարը նշեց․ «Ծանր մետաղներ են, որոնք բոլոր օրգանիզմների, էկոհամակարգի համար վնասակար ազդեցություն ունեն՝ կախված իրենց խտությունից, ինչպես նաև կան որոշակի բաղադրիչներ, որոնք կոմուլյատիվ ազդեցություն ունեն»։
Նախարարը նշեց, որ տեսչական մարմնի եզրակացությունը կտրվի 1-2 օրվա ընթացքում։