Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ մայիսի 9-ից չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Այս մասին հայտնում է «Արեւելք»-ը:
Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և կարդում էին առցանց:
Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել, որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:
Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը «Արեւելք»-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է, որ ածխացել են սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները:
Թե ինչ վնաս են կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ «Արեւելքի» հարցին պատասխանելով ասաց, որ նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց, հին սերվերները հազիվ թե վերականգնվեն: Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:
«Գործ ունենք ֆինանսական վնասների և մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ, բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը:
Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու և շտեմարանները վերականգնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս: «Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել, միայն ցավ կարող ենք ապրել»,– կատարվածի մասին ասել է Նարինե Խաչատուրյանը:
ԿԳՄՍ Նախարարությունից էլ տեղեկացրել են՝ հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձ ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին: