Ինչպես գիտենք, ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի մասին խոսելիս նշել է, որ եթե Արցախն ընդգրկվի ՌԴ կազմում, Ադրբեջանի համար ամեն ինչ կվերջանա: Այս հայտարարության վերաբերյալ Araratnews.am-ի թղթակիցը մեկնաբանություն է վերցրել «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից, ով նշել է, ոչ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հաճախ են լինում Արցախում և տարբեր առիթներով փորձում հասարակության մեջ ներարկել այն միտքը, որ Արցախը, ինչպես նաև մնացած Հայաստանը որպես սուվերեն պետություններ կամ պետություն, գոյատևել չեն կարող և պետք է լինեն որևէ մեծ տերության կազմում կամ ազդեցության տակ։ «Բնականաբար այդ տերության դերում միշտ Ռուսաստանին են պատկերացնում։ Խուդյակովը նույնպես այդ կայսերապաշտական կուսակցության ներկայացուցիչ է և իր ասածն առանձնահատուկ մեկնաբանման կարիք չի զգում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանով վախեցնելուն, ապա ՌԴ Դումայի պատգամավորը պետք է հաշվի առնի, որ Արցախը շատ լավ գիտի ինչպես լուծել հարցերը թշնամաբար տրամադրված այս հարևանի հետ, ինչն էլ արդյունավետորեն իրականացրել է 1990-ականների սկզբին»,-նշել է Հայկ Խանումյանը։
Էմմա Պալյան