Ազգային ժողով ներկայացված նախագծերից մեկով սահմանվում է, որ նորածին երեխայի սեռը պետք է գրանցվի նրա ծննդյան վկայականում։ Դրանից բացի՝ կարող է նշվել նաև ազգությունը, եթե ծնողները համաձայն են։
Խորհրդարանի քննարկումներից կարելի է եզրակացնել, որ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին կողմ են նաև մյուս խմբակցությունները։
ԼՀԿ խմբակցության անունից պատգամավոր Արմեն Եղիազարյանը բացատրեց, որ սա արվում է այն բանի համար, որ մարդիկ իրենց երեխաների ծննդյան վկայականների թարգմանության ժամանակ խնդիրներ չունենան։ Նրա խոսքերով՝ արտասահմանում սեռի դաշտ ներառված է ծննդյան վկայականներում, իսկ թարգմանության դեպքում բարդություններ են լինում։
Պատգամավոր Արթուր Դալլաքյանն էլ իր փաստաբանական անցյալից հիշեց մի դեպք, երբ իրեն դիմած ծնողի զավակն ուներ այնպիսի անուն, որ կարող են տալ և՛ տղայի, և՛ աղջկա։
Պատգամավորը պատմեց, որ մի օր զինկոմիսարիատից զանգում են նրանց տուն և պահանջում ներկայանալ հաշվառման։ Երբ մայրը ասում է, որ իր զավակն աղջիկ է, զինկոմիսարիատից պահանջում են տեղեկանք ներկայացնել, որ նա աղջիկ է։