Հայաստանի մեծագույն դժբախտություններից մեկը թերևս կոմունիստ մնացած պալատական կիսամտավորականներն են, որոնք առավել քան որևէ մեկը կարող են նվաստացնել սեփական ժողովրդին ու պետությանը: Հենց այս տարրի փայլուն ներկայացուցիչներից է Զորի Գայկովիչը, ով պատմության խեղաթյուրման թեթև ձեռքով մինչ օրս մատուցվում է որպես Հայաստանի անկախության ու արցախյան շարժման ակնունքներում կանգնած գործիչ: Մեռածների մասին՝ կա՛մ լավ կա՛մ ոչինչ, սակայն պատմությունն այս տրամաբանությամբ չի կարող գրվել։ Ուստի պետք է կրկին ու կրկին անգամ ասել, որ չափազանց կասկածելի էր Զորի Գայկովիչի, Սիլվա Բարունակովնայի և նրանց նմանների դերակատարությունը Հայաստանի ու Ղարաբաղի կայացման գործում: Այս մասին չեն գրել, սակայն ակնարկել են շարժման ակունքներում կանգնած բազմաթիվ պայծառ անհատներ` սկսած Ռաֆայել Ղազարյանից, վերջացրած Վանո Սիրադեղյանով: Չեն բարձրաձայնել, քանզի չեն ցանկացել սեպ խրել ամբողջ շարժման ու անկախ պետության կայացման գործընթացում: Սակայն պարզվում է՝ հենց այդտեղից են սնվում նման անհատները, ովքեր բացահայտորեն սկսել են հարվածել Հայաստանի անկախությանն ու Սահմանադրությանը:
Բայկալի էկոլոգիական խնդիրներով մտահոգ խորհրդային լրագրող Զորի Գայկովիչը քսան տարուց ավել չլսեց ու չտեսավ Հայաստանի անկումը: Գուցե լռելու դիմաց ստանալով ծովերը չափելու հնարավորություն և ֆինանսներ: Սակայն, ցավալին միայն զորիգայկովիչները չեն, այլ այն ստրկամիտ շերտը, որը դեռևս շարունակում է գոյատևել մեր մեջ, մեր կողքին: Հայաստանցիները, ովքեր այդպես էլ չկարողացան համակերպվել խորհրդային կայսրության փլուզման հետ, որոնց հասցեն, հանրահայտ երգի բառերով, տունը և փողոցը չէր, այլ Խորհրդային միությունը: Վերջիններս ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չեն թողնում իրենց անկոտրում սերն ու նվիրումը հայտնելու ռուսաց ցարերին: Արդյո՞ք պատվիրված են այդ նամակները թե ոչ. ամենայն հավանականությամբ, գուցեև պատվիրված էլ չեն, քանզի զորիգայկովիչները չափազանց շատ են մեր մեջ, որոնք առանց որևէ պատվերի էլ կուրծք են ծեծելու փոքր ու թուլակազմ Հայաստանը հսկայածավալ Ռուսական կայսրությանը միավորելու համար:
Այս մտայնությունն է, որ կա ու մնում է մեր հասարակության քաղցկեղային խոցը, որը ճյուղավորվում է ամեն պատեհ առիթի դեպքում: Սյս անգամ թերևս նման առիթ դարձավ Մաքսային միությունը, որը խորհրդային կիսամտավորականների երազանքների մարմնացումն էր: Սա հերթական փայլուն հնարավորությունն էր խորհրդային կարոտախտով տառապող սպառված ու ոչ այնքան սպառված գործիչների համար՝ իրենց, ինչպես ձուկը ջրում զգալու համար: Նրանք սակայն մոռանում են շատ կարևոր մի բան` չի կարող եղբայրական սեր լինել ստրուկի ու տիրոջ միջև, չեն հասկանում, որ ստրկաբարո երեսպաշտությամբ երբեք հնարավոր չէ մեծն Ռուսիո, ներկայիս ինքնակալ Վլադիմիր Վլադիմիրովիչի հարգանքն ու սերը վաստակել: Հենց այս տեսակին պետք է արմատախիլ անել մեր միջից, հենց այս տեսակն է, որ դարձել է անբուժելի հիվանդություն մեր պետականության ու հասարակության համար: Պատմական դառը անցյալից երբեք դասեր չառած այս տեսակը կրկին ու կրկին անգամ փորձում է երկրի հզորությունն ու փրկությունը փնտրել հզորների թևերի տակ` տոգորված անչափելի ծառայամտությամբ։ Որովհետև անգամ ստրուկը հավատարիմ չի կարող լինել, քանի որ այդ կարգավիճակում նա հայտնվել է ակամա, իսկ ծառան ինքն է ընտրել իր գոյատևման կերպը: Սակայն մյուս կողմից, մենք տեսնում ենք մեր շուրջը պայծառ երիտասարդություն, իրապես անկախ երկրի քաղաքացու նման մտածողների, և սա հույս է ներշնչում , որ խորհրդային կամ կայսերական նոստալգիայով տառապողների սերունդը կորչող տեսակ է, և վաղ թե ուշ, հասարակությունը ինքնամաքրվելու է այդօրինակ տարրերից:
Աղասի Մարգարյան