տուն Քաղաքական Վերլուծական Խոսեց և խոսեցրեց Վիտալի Բալասանյանը…

Խոսեց և խոսեցրեց Վիտալի Բալասանյանը…

661
0

Լսելով Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի օրերս տված հարցազրույցը, ակամայից հիշեցի սպարապետ Վազգեն Սարգսյանի միտքը՝ «Հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում»։ «Զոհվել»-ը թերեւս կփոխեի «մնալ»-ով (ներող եղեք, որ միջամտում են սպարապետի խոսքին-հեղ.), քանի որ մի քիչ կոպիտ է հնչում, սակայն, հավատացեք, ասվածի խորաշերտում տրամաբանություն ու մեծ խորհուրդ կա:

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունները՝ կապված Հայաստանի, ՀՀ ղեկավարության, ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ ջանքերի ու հեռանկարի հետ, մեծ աղմուկ են բարձրացրել հայության շրջանում: Վարչապետ Փաշինյանին համարյա բաց տեքստով սպառնացող և առնվազն ոչ հարգալից բառամթերքով դիմող գեներալի խոսքերն, իհարկե, ողջամիտ չեն: Բայց դրանք նաև մտահոգությունների վերանձնական դաշտ են բացում…

Բոլորս լավ ենք հիշում Ապրիլյան պատերազմի օրերը, եղերական այդ շրջանի գրեթե ամբողջ անցուդարձը՝ իր պերճանքով ու թշվառությամբ: Յուրի Խաչատուրովին վերագրվող պատմությունները՝ էսկալացիայի վերսկսումից հետո հապաղելու և ուշացած որոշում կայացնելու մասով, մյուս դիպվածները, որոնք արդեն քառօրյայից հետո գաղտնազերծեցին մեր զինուժի խոցելի կողմերը՝ զենքերի, սննդի, վառելանյութի հետ կապված, ինչի համար պատասխանատու էր այն ժամանակվա ռազմական ղեկավարությունն ու սպայակազմը, այդ թվում նաեւ նույն Վիտալի Բալասանյանը, որն այսօր խոսում է անսխալականության դիրքերից և հոխորտում Հայաստանի իշխանություններին՝ ԼՂ հակամարտության հարցում իբր կրավորական կեցվածքի ու քաղաքականության համար:

Առհասարակ, հայոց բանակի ու բարձրագույն զինվորականների մասին ցանկացած խոսակցություն նուրբ ու ցավոտ թեմա է, որովհետև գործ ունենք ոչ թե անձերի ու կառույցի, այլ ազգային անվտանգության ու համազգային արժանապատվության մասին: Եվ այս գործոնը, հաճախ, լռեցնում է մեզ՝ նույնիսկ ամենաակներև ճշմարտության մասին խոսելու գայթակղության պայմաններում:

Այս համատեքստում Վիտալի Բալասանյանի խոսքերն ավելի շատ խոսեցրին շատերին, քան զսպեցին… չխոսել: Որովհետև, ամենայն զգուշավորությամբ ու նրբանկատությամբ հանդերձ, գոյություն ունի մեկ այլ կատեգորիա՝ արդարամտության զգացումը, որ չի կարող քողարկվել ոչ մի այլ՝ վսեմ զգացումներով ու պատվախնդրությամբ: Այս որակներն, ի դեպ, պետք է, որ առաջին հերթին վերագրվեին ու հատկանշեին հենց սպային, հայ սպային, անկախ նրա անուն-ազգանունից…

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here