Այսօր ՀՀ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ավելի վաղ իր կողմից առաջարկված՝ երթևեկության կանոնների խախտման համար նախատեսվող տուգանքներին և նշեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ կառավարությունը պատրաստվում է այդ նախագծին բացասական պատասխան տալու:
«Փաստն այն է, որ մի շարք խախտումների համար տուգանքները համաչափ չեն , արագաչափերի թյուր աշխատանքի արդյունքում մարդիկ հայտնվում են անելանելի վիճակում: Գիտեմ, որ հարցի քննարկման համար ստեղծվել է հանձնաժողով: Լավ կլիներ, եթե կառավարությունը կոնկրետ ժամկետներ նշեր, թե երբ են նախատեսում նվազեցնել անհամաչափ տուգանքները»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան Փաշինյանի հնչեցրած հարցի՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց.
«Լսումների ընթացքում բարձրացրել ենք այդ խնդիրը: Սակայն միայն մեխանիկորեն իջեցնելը չի բերելու իր բուն նպատակին: Իհարկե, արդյունքում տուգանքների մեծ մասը դուրս կգան: Այս պարագայում պետք է զգույշ լինել իջեցնել-բարձրացնելու հետ կապված: Մոտ ժամանակներս կառավարությունը ձեր հարցադրումներին կարող է պատասխան տալ: Այն դրույթները, որոնք պատրաստ կլինեն աշնանային նստաշրջանից շուտ, կներկայացվեն ձեզ»:
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Աժ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը Աժ պատգամավորների անունից շնորհավորեց նոր կազմավորված կառավարությանը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում ասաց, որ ինքը չի միանում շնորհավորանքներին: Փաշինյանի ասածին ի պատասխան՝ Հրայր Թովմասյանն ասաց.
«Անեկդոտ կա, երբ տապանաքարի վրա գրում են «Բոլորից, բացի Վալոդից», դուք կարող էիք չասել, մենք կհասկանայինք»:
«Հաջորդ անգամ ավելի ջերմ կշնորհավորեմ, պարզապես սա առաջին անգամն է: Բայց կառավարությունն ամբողջությամբ ձևավորված չէ ու խոսակցություններ կան, որ հենց Վալոդն է նշանակվելու ձեր փոխարեն արդարադատության նախարար»,- պատասխանեց Փաշինյանը: