Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցե Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակամն հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ ավտոմեքենան վարել է անչափահաս տղա, իսկ ավտոմեքենայում եղել են 8 հոգի, բոլորը՝ երեխաներ՝ 6 տղա, 2 աղջիկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: