տուն Քաղաքական Խմբագրական. Իշխանական քրտինքն անարդյունք չի մնա. ևս 1 կոճակ սեղմող կավելանա Սյունիքից

Խմբագրական. Իշխանական քրտինքն անարդյունք չի մնա. ևս 1 կոճակ սեղմող կավելանա Սյունիքից

269
0

Ինչպես ԿԸՀ-ն նախապես հայտարարել էր, այսօր թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություն է, որը ներառում է Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ եւ հարակից գյուղերը: Ընտրության անհրաժեշտությունը ծագեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի ընտանիքի հետ կապված սպանության գործից հետո. Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, որից հետո թիվ 38-րդ ընտրատարածքի պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունքի մարզպետ, որից հետո ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով նշանակեց նոր ընտրությունների ժամկետները:

Թեկնածուները երկու քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, մեկը Աշոտ Կարապետյանն է՝ առաջադրված ՀՀԿ-ից, ով Կապանի նախկին քաղաքապետն է, և կապանցիները վատ հիշողություններ ունեն նրա պաշտոնավարման տարիների հետ կապված, եւ մյուսը` Ժառանգության թեկնածուն, ով ազատամարտիկ է և կուսակցության Կապանի ստորաբաժանման ղեկավարը:

Օրվա ընտրությունների ընթացքին հետևելով` կարող ենք փաստել, որ, ըստ էության, համակարգը չի փոխել իր մարտավարությունը, խնդիրը լուծում է տեղամասից դուրս. ընտրակաշառք, վարչական ռեսուրս, ԽԾԲ, ինչպես որ եղել է վերջին տարիներին: Ընտրատեղամասում գրեթե վիճակը նորմալ է, ոչ մի քաշքշոց, ոչ մի լցոնում, բայց տեղամասերից դուրս` դարձյալ և կրկին աշխատում է իշխանական ուղղահայացն ու գումարի դիմաց ընտրությունը:

Այն, որ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ կուսակցությունն ունի թեկնածու, գովելի է, բայց ոչ բավարար. Ընդդիմության մոտ դարձյալ բացակայում է միասնականության կամքը: Ամեն մեկն իր վերմակն իր հետ է տեղափոխում ժամանակի ու տարածության մեջ, ու այդ հավաքականության բացակայության պայմաններում քաղաքական ընդդիմության վերմակը չի տաքացնում քաղաքացու սպասելիքների ողջ երկայնքը:

Մեղադրել կարող ենք բոլորին միասին և յուրաքանչյուրին առանձին վերցրած, բայց դրանից իրավիճակ չի փոխվում. սա ոչ առաջին եւ, ցավոք, ոչ էլ վերջին ընտրությունն է նման մթնոլորտում: Փաստը մնում է փաստ, որ իշխանության կոճակ սեղմողների վերաթարմացումը մնում է իշխանական ոհմակային տրամաբանության մեջ, և արդյունքում ոչ թե պարտվում է ինչ-որ ընդդիմադիր թեկնածու, այլ չի ուղղվում ՀՀ քաղաքացիների վնասված ողնաշարը…

Կապանի, Քաջարանի փողոցներում կրկին ճախրում  են. «…այս մեկին փող են տվել, ինձ էլ տան, որ գնանք ընտրության» չարչրկված ու ոչ մեկի համար նորություն չապահովող նախադասությունները, բայց սրանում մեղավոր ենք բոլորս՝ հավաքական առումով, և ոչ ոքի մեղադրել չենք կարող, բացի յուրաքանչյուրս մեր սեփական անձին:

Եվս մի ընտրություն կպսակվի «հաջողությամբ»։ Հուսահատության ու լույսի բախման այս ճանապարհին թերևս հրաշքների սպասելն ավելորդ է, բայց գոնե այս անգամ դասեր քաղենք միասնական չլինելու և միասնական մեղավորության մեր մասնաբաժինից…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here