Ազգային ժողովը քննարկել է Վերահսկիչ Պալատի նախագահի հարցը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում ԱԺ հաստատմանն է ներկայացրել Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Պատգամավորներն այսօր քառօրյայի ժամանակ հարցեր են ուղղել Իշխան Զաքարյանին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրել է, թե ի՞նչ է անհրաժեշտ ՎՊ-ին` բացահայտումները վերջնական ավարտին հասցնելու համար:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, ինչ-որ մի օղակում այնուհանդերձ դա ընդհատվում է: Պատասխանատվության են ենթարկվում մանր պաշտոնյաները: Հիմա դուք օրինակ կբերեք Խաչիկյանին, բայց Խաչիկյանին սարքել եք թանգարանային էքսպոնատ: Ի՞նչ գործիքներ են պակասում Վերահսկիչ պալատին, որ կարողանա գործընթացը մինչև վերջ հասցնել, բռնել իրական գանձագողերի ձեռքը, ոչ թե նրանց, ովքեր կատարողներ են եղել»:
Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասել է, որ աշխատում են նշված գործընթացները վերջնական տրամաբանությանը հասցնելու ուղղությամբ: Նրա խոսքով, եթե կա որոշակի բացահայտում, կա մեկ ճանապարհ՝ դա դատական իշխանություններին դիմելն է: «Այս ճանապարհն է։ Նոր մոտեցում, նոր գործիք, ցավոք սրտի, էս պահին առաջարկել չենք կարող»,- ասել է նա:
Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ բոլորն ականատես են եղել, թե կառավարությունն ինչպես արձագանքեց ՎՊ վերջին բացահայտումներին: «Ձեր վերջին փաստերը նրանք համարեցին ուղեղի մորմոք: Էլի լինելու են բացահայտումներ, բայց ինչ-որ մի օղակում դրանք ընդհատվելու են»,- եզրափակել է պատգամավորը:
Էմմա Պալյան