տուն Քաղաքական Լրատվական մանիպուլյացիան և տեղեկատվական տեռորը

Լրատվական մանիպուլյացիան և տեղեկատվական տեռորը

310
0

free_pressՆերկայիս հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մենք գործ ունենք մի շարք օդիոզ կերպարների հետ, որոնց գործունեությունը, վերջինիս լուսաբանումը տարբեր լրատվամիջոցներում  իրենից ներկայացնում է հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու պարզագույն օրինակ: Նմանօրինակ օդիոզ դեմքերի փայլուն օրինակներից են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայաստանյան օլիգարխիայի (եթե այդպիսին կա բառիս դասական իմաստով)  փայլուն ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը, պալատական մտավորականության  ներկայացուցիչներից Շուշան Պետրոսյանը և այլոք: Սակայն խուսափելով անձնավորումից  նշենք, որ խնդիրը այս անհատների մարդկային և նեղ անձնական որակների մեջ չէ ընդհանրապես,  այլ հասարակության կողմից նրանց և նրանց գործունեության ընկալման:  Գաղտնիք չէ, որ նշված անհատները և էլի շատ ուրիշներ, լայնորեն ճանաչված են հանրության կողմից, ուստի և վերջիններիս ցանկացած խոսքը, ձևակերպումը կամ արտահայտած գաղափարը լայն քննարկումների է արժանանում մամուլում և սոցցանցերում:  Հենց այս փաստի վրա էլ կցանկանայինք կանգ առնել: Երդմնակալության արարողության ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանն իր կարևոր ձեռքբերումներից մեկը համարեց «առավել ազատ մամուլի առկայությունը»: Ինչ խոսք, սա որոշակի ապտակ էր նաև արարողությանը ներկա Ռոբերտ Քոչարյանին, որի նախագահության ընթացքում ԶԼՄ-ների և առանձին լրագրողների հետ «հարցերը» լուծվում էին առանց այլևայլության՝ ռեպրեսիվ մեթոդներով:  Այս առումով առաջին հայացքից թվում է Սերժ Սարգսյանի ճշմարտացիությունը:  Սակայն էության մեջ պետք է նկատել, որ վերջին չորս-հինգ տարում ԶԼՄ-ները բռնության սուբյեկտից վերածվեցին ինտելեկտուալ և ինֆորմացիոն տեռորի գործիքների: Ներկայումս գրեթե անվիճելի է, որ նման տրանսֆորմացիայի գլխավոր ճարտարապետը նախագահի փեսա, ներկայումս Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն էր: Ինչպես արդեն նշեցինք Քոչարյանը պարզապես փակում էր իր պահանջներին կամ սպասումներին չբավարարող լրատվամիջոցը, և դրանով հարցը լուծված էր: Սերժ Սարգսյանի օրոք արդեն մենք ականատեսն ենք հակառակ երևույթին` մեդիա դաշտում սնկի նման աճում են զանազան լրատվամիջոցները` բնականաբար համապատասխան պատվերով և ուղղորդվածությամբ: Այստեղ  որոշակիորեն իր դերն է խաղում նաև օբյեկտիվ տեխնիկական առաջընթացը` համացանցի հասանելիությունը, սոցցանցերը, որոնք գործունեության լայն ասպարեզ են բացում «աճեցված լրատվամիջոցների»  համար:  Այսպես կոչված մեդիադաշտի կայացումից հետո արդեն հարկավոր են այդ դաշտում գործող «հերոսները» և այդ գործառույթն իրենց վրա են վերցնում վերոնշյալ օդիոզ դեմքերը: Վերջիններիս և մեդիայի «համագործակցությունից»  ձևավորվում է խառնիճաղանճ լրատվական դաշտ, որն ուղղակի ինֆորմացիոն տեռորի և մանիպուլյացիայի է ենթարկում  հանրային գիտակցությունը տարբեր միջոցներով: Ամենատարածված մանիպուլյատիվ եղանակներն են փաստերի աղավաղումն ու խեղաթյուրումը, թերի ներկայացումը,  փսևդոսենսացիոն լուրերի շրջանառումը և այլն:  Միաժամանակ բացի խեղաթյուրումներից համապատասխան լրատվամիջոցները պարզապես շեղում են հասարակական ուշադրությունը՝ ահռելի քանակությամբ լրատվական հոսք ապահովելով նշված օդիոզ դեմքերի մասնակցությամբ: Նման առիթ կարող է դառնալ Գալուստ Սահակյանի կամ Շուշան Պետրոսյանի որևէ հայտարարություն, Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքը, քաղաքական դաշտում «իր տեղը փնտրող» Անի Զախարյանը և այլն:  Արդյունքում կամա թե ակամա  ուղղորդված լրատվական հոսքի պատճառով ընթերցողի ուշադրությունը ապակենտրոնացվում է: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ  օրակարգային և կարևոր իրողությունների նկատմամբ ռացիոնալ վերաբերմունք և լիակատար ինֆորմացիա ունենալու համար պետք է հնարավորինս  քիչ հետևել լրատվական հոսքերին:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here