Հայ մամուլի օրվա կապակցությամբ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հետ, որը երկու տարի առաջ կոնֆլիկտ էր ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ:
Հիշեցնենք, որ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր: Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը, պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել լրագրողին: «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը դիմել էր դատարանˋ պահանջելով պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
Araratnews.am-ի թղթակիցը փորձել է «Հետք»-ի լրագրողից պարզել, թե այս երկու տարիների ընթացքում ինչ է փոխվել հայ մամուլում, և դեռ ինչ անելիքներ ունենք այս ոլորտում, արդյո՞ք պակասել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններն ու վիրավորանքները: «Եթե 90-ականների սկզբի հետ համեմատենք, ապա պետք է ասենք, որ մամուլն այսօր ահագին զարգացում է ապրել, ինտերնետը նպաստեց մամուլի դերի բարձրացմանը, որը նաև մարտահրավեր էր մամուլի համար, այսօր լրագրողները սկսել են հեշտ մարսվող նյութեր հրամցնել հասարակությանը, քիչ թիվ են կազմում նորմալ վերլուծությունները, հիմնականում ստատուսներ են մատուցում ընթերցողներին, այսինքն՝ ինտերնետի մուտքը խարխլեց լրագրության հիմնական դրույթները»,-նշել է լրագրողը: Ըստ նրա՝ ինտերնետը միևնույն ժամանակ նպաստել է անկախ մամուլի ձևավորմանը, քանի որ, լրագրողի կարծիքով, այսօր Հայաստանում ՀԸ-ներն այնքան էլ ազատ չեն, այսինքնˋ այս կամ այն անհատի վերահսկողության տակ են գտնվում, իսկ ինտերնետը որոշ չափով լրացրել է այդ բացը:
Խոսելով լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին, Գրիշա Բալասանյանը նշել է, որ վերջին տարիներին դրանց թիվը պակասել է, ինչպես նաև մարել է լրագրողների նկատմամբ վիրավորանքի ալիքը, չնայած ամբողջությամբ բացառել հնարավոր չէ. «Հիմնականում լրագրողներն են զանգում պաշտոնյաներին, պատկան մարմիններին ու հիմնականում, երբ լրագրողին վիրավորում կամ անպատվում են, ապա վերջինս մնում է անպաշտպան, քանի որ նրաց խոսքը հրապարակային չեն համարում, այլ համարում են միջանձնային զրույց, ոնց որ իմ դեպքում եղավ, բայց թե դա որքանով էր միջանձնային զրույց, դա հարցի մյուս կողմն է»,- նշել է լրագրողը: Ըստ նրաˋ դաշտն այսօր այնքան էլ ազատ չէ, ինչպես ներկայացվում է, և սկսնակ լրագրողի առջև միշտ պահանջ է դրվում գրել այս կամ այն նյութը, չենթարկվելու դեպքում կկորցնի աշխատանքը. «Ոլորտում ճնշում կա, քանի որ կայքերի ու խմբագրությունների մեծ մասն այսօր ֆինանսավորվում է իշխանական թևից, իսկ բոլորս էլ գիտենք, որ եթե ֆինանսական օգնություն են տալիս, ուրեմն թելադրում են իրենց խաղի կանոնները, դա է պատճառը, որ որոշ կայքեր առկա խնդիրների մասին ձայն չեն հանում»,- նշել է «Հետք»-ի լրագրողը:
Էմմա Պալյան