Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրնելի Ֆիլիպետին մերժել է Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանման ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչետիի՝ Մոնա Լիզայի կտավը որոշ ժամանակով Ֆլորենցիա տեղափոխելու խնդրանքը: Վինչետին այս նախաձեռնության օգտին 150 000 ստորագրություն էր հավաքել, հաղորդում է Euronews-ը:
Իտալիան մտադիր էր ցուցադրել Լեոնարդո Դա Վինչիի աշխարհահռչակ Մոնա Լիզային՝ կտավի առևանգումից վերադարձվելու հարյուր տարվա կապակցությամբ, երբ այն վերջին անգամ ցուցադրվել էր Ֆլորենցիայում:
Իտալական La Stampa-ն մերժումը բացատրել է տեխնիկական դժվարություններով, նաև նրանով, որ կտավը անքակտելիորեն կապված է Լուվրի անվան և միջազգային համբավի հետ, որը տարեկան մոտ 8 միլիոն այցելու է ընդունում Ֆրանսիայից և ամբողջ աշխարհից: