«Իրատես»-ը գրում է․
«Եթե Էդմոն Մարուքյանն իմանար, որ Դավիթ Խաժակյանին Երևանի ավագանուց հետ կանչելու որոշումն այսքան կհարվածեր իրեն ու իր կուսակցության վարկանիշին, հավանաբար այդքան չէր շտապի Հայկ Մարությանին ջերմեռանդորեն պաշտպանելու հարցում։
Մի քանի օրվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատեց այն խոսակցությունները, թե այդ կուսակցությունից ընդդիմություն դուրս չի գա։ Ավելին, պարզվեց, որ Խաժակյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան ողջ ԼՀԿ-ն միասին վերցրած։ Ընդդիմություն, թե իշխանություն, նախկիններ, թե նորերի որոշ հատված սխալ համարեցին Մարուքյանի որոշումը՝ քննադատելով ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչի միտքը։
Բայց այս ամենում մի շատ էական հարց կա. իրեն ընդդիմություն հռչակած ուժը «պատժում» է» ավագանու իր անդամին միայն այն պատճառով, որ նրա ղեկավարած խմբակցությունում սուր քննադատություն է հնչել քաղաքապետի հասցեին (գուցե անձնական վիրավորանք հասցնելը յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի ճաշակի հարց է, բայց իրական ընդդիմության դեպքում հաստատ նման բառամթերքը չի բացառվում)։
ԼՀԿ-ն հայտարարում է, թե իրենց կուսակցության օրակարգում նման քննադատություն չկա։ Սա առնվազն զավեշտալի է. ինչպե՞ս է հնարավոր լինել ընդդիմություն և քննադատության տեսակավորում անել։ Ասենք, ա՛յ, այս քննադատությունը կարելի է, բայց մյուսի դեպքում դա կարժենա մանդատից զրկում։ Մի Խաժակյան մի ողջ խորհրդարանական խմբակցության երեսը պարզ էր դարձնում, էլ չենք ասում կուսակցության»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: