Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող Վանաձորի «Լոռի» թիմի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների եւ անձնակազմի 18 ներկայացուցիչների բոլոր թեստերը բացասական են եղել:
Նախօրեին «Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էր ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները: