Armtimes.com-ը գրում է.
Լոռու մարզում վերջին օրերին թունավորման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Դեռ հունվարի 27-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել աղիքային ինֆեկցիայով վարակված 7 քաղաքացիներ, հաջորդ օրը ավելի քան 10 քաղաքացիներ: Այսօր առավոտյան թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացվածների թիվը ինֆեկցիոն հիվանդանոցում հասել է 50-ի: Տուժածների մի մասն արդեն կեսօրին դուրս է գրվել:
Հիվանդանոց դիմած քաղաքացիները հայտնել են, որ թունավորվել են էկլեր տեսակի խմորեղենից: Նրանց մոտ նկատվել է փսխում, փորլուծություն, բարձր ջերմություն: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանը: «Հիվանդների առաջին հոսքը սկսվել է հունվարի 27-ից՝ 7 հիվանդ, հետո 10 հիվանդ ու շարունակվել է: Հունվարի 29-ին ունեցել ենք 40 հիվանդ, այսօր առավոտյան եղել է 50 հիվանդ, որոնցից 14-ն այսօր դուրս է գրվել», -ասաց նա:
Նունե Էվինյանի խոսքով՝ թունավորման հիմնական վարկածը էկլերն է: Սննդամթերքի տեսչությունը եւս ստուգումներ է իրականացնում. «Բոլոր հիվանդներն էկլերի մասին են նշել: Ծանր վիճակում գտնվողներ չունենք, վիճակները կայուն է, արագ արձագանքում ենք, համապատասխան բուժօգնություն ցուցաբերում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում