Ստրադիվարիուսի ջութակը, որը երեք տարի առաջ հափշտակվել էր Լոնդոնում հարավ-կորեացի ջութակահար Մին Չին Կիմից, իսկ այս տարի՝ հայտնաբերվել ոստիկանության կողմից, կհանվի աճուրդի և կարող է վաճառվել ավելի քան 3,2 մլն դոլարով կամ 2 մլն ֆունտ ստերլինգով, թեպետ նրա նախնական գինն ընդամենը 160 հազար դոլար է: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Բանն այն է, որ կորստից հետո հարավ-կորեացի ջութակահարը ապահովագրական ընկերությունից ստացել էր մեծ գումար և գնել էր նորը: Այսպիսով, հայտնաբերված ջութակը դարձել է ապահովագրական ընկերության սեփականություն, որն էլ գործիքը հանել է վաճառքի: Հայտնի է, որ այս ջութակը հայտնի վարպետի սարքած 600 գործիքներից մեկն է, որը պատրաստվել է 1696 թվականին: