Լյարդի փոխպատվաստման ենթարկված տասը տարեկան երեխայի վիճակը լավ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արաբկիր» ԲԿ տնօրեն Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ նա պատրաստ է դուրս գրվելուն:
«Մենք ուրախ ենք ասել, որ երեխան պատրաստ է տուն գնալուն, պարզապես նրան պահում ենք այստեղ, որովհետև հեռու է ապրում և դեռ պետք է որոշ ժամանակ հետո ստանա մի քանի պատվաստում, որպեսզի կանխարգելենք տարբեր հիվանդություններով հիվանդանալու վտանգը»,- այս մասին հայտնում է Aysor.am-ը:
Վերջինս նշել է՝ լավ է նաև երեխայի համար դոնոր դարձած հոր վիճակը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող ենք արձանագրել, որ այսուհետ ՀՀ-ում նման փոխպատվաստումները հասանելի կլինեն, Բաբլոյանը դրական պատասխան է տվել:
Խոսելով փոխպատվաստման արժեքի մասին՝ ԲԿ տնօրենն ասել է. «Դրա գինը շատ բարձր է, բայց այս ծնողները չեն վճարել ոչինչ: Առաջին վիրահատությունն ամբողջությամբ «Արաբկիր» ԲԿ միջոցներով ենք իրականացրել: Փնտրում ենք հովանավորներ, որոնք կօգնեն մեզ»,- ասել է Բաբլոյանը: