ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանի՝ «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ Զարուհի Փոստանջյանը բարոյական իրավունք չունի հեղինակել այդ նախագիծը և ցուցադրաբար լքեց հանձնաժողովի նիստը:
Մինչ այդ, նա Զարուհի Փոստանջյանին հիշեցրեց Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի հարցը և հայտարարեց. «Եթե դուք չներկայացնեիք այդ հարցը, ես միգուցե մեկ այլ բան մտածեի, որ սա պետության շահերից բխող մտահոգություն է»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը նախքան կներկայացներ իր նախագիծը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին որոշումն ընդունվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից՝ 1989 թ. գուցե շատ ավելի ծանր պայմաններում, քան հիմա է:
Զարուհին այդ տարիներին երեխա էր, բայց հիշում է, թե ինչ հուզմունքով լսեց այդ լուրը և ավելացրեց. «Եվ տվյալ դեպքում, այդ խորհրդարանն ունեցել է շատ ավելի ազգային դիրքորոշում, և որոշում է կայացրել ազգային շահերից»:
«Քաղաքական բոլոր գործողությունները պայմանավորված են հայկական երկրորդ պետության կողմից մեր ճանաչմամբ, հատկապես հաշվի առնելով վերջին՝ սեպտեմբերի 3-ին, կատարված հայտարարությունը՝ Մաքսային միությանը վերադառնալու վերաբերյալ: … Այսօր ավելի քան կարևոր է Արցախի Հանրապետության ճանաչումը»,- ասաց պատգամավորը:
Այս հայտարարություններին հետևեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետևյալ հարցը՝ «Լավ ճանաչենք Արցախի Հանրապետությունը, կարո՞ղ եք նկարագրել այն գործընթացները և զարգացումները, որոնք տեղի կունենան և ո՞րն է լինելու էդ դեպքում քաղաքական որոշումը կայացնողների պատասխանատվությունը»:
Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ սա միանշանակ բխում է ՀՀ ազգային շահերից. «Մեր երկու հայկական պետությունների շահերից, սա անվիճելի փաստ է… Երկրորդ՝ մենք, իհարկե, պետք է ունենանք Արցախի Հանրապետության հետ համապատասխան իրավական կարգավորումների նաև փաստաթղթավորման բազա»:
«Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ եթե այսօր խոսում ենք Եվրամիության կամ ինչ-որ միության միանալու մասին, ապա առաջին հերթին պետք է լինենք Ղարաբաղի հետ:
«Մենք առաջին հերթին պետք է ունենանք մեր միությունը Արցախի Հանրապետության հետ: … Զինադադարից հետո ստեղծվել են փաստաթղթեր, որտեղ բացակայում են Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ստորագրությունները»,- հավելեց պատգամավորը:
«Բարոյական իրավունք ունի՞ արդյոք ՀՀ-ն ներկայացնել մի մարդ, ով իշխանության է եկել 10 քաղաքացիների սպանության միջոցով, բարոյական իրավունք ունի՞ այն մարդը, ով տանկեր է բերել Երևան, և նա, ում ընտանիքի անդամները միլիոնատեր են դարձել հանրությանը, կարծես թե, անհայտ, բայց հայտնի՝ սրա-նրա բիզնեսի մեջ փայ մտնելով, կամ բիզնեսը խլելով, ում ընտանիքի անդամը կրակում է Երևանի փողոցներում և մնում է անպատիժ»,- ասել է նա։
Հարկ է նշել, որ հարցի ամբողջ ընթացքում ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը փորձում էր ընդհատել Նիկոլ Փաշինյանին` ասելով, թե հարցը պետք է լինի թեմայի վերաբերյալ:
Անբարոյականության թեման փորձել է շարունակել Զարուհի Փոստանջյանը՝ ասելով, որ առաջին անգամ անբարոյականություն երևույթին առնչվեցինք, երբ սպանվեց ԼՂ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նրան ընդհատել է ՝ հայտարարելով, թե այստեղ բարոյականության դասեր տալու տեղը չէ: «Ես ձեզ արգելում եմ հարցին պատասխանել»,- ասել է Ա. Զաքարյանը:
Նշենք, որ հարցի քննարկումը այս պահին շարունակվում է: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց նախագիծը քննարկել փակ ռեժիմով, ինչին կողմ արտահայտվեցին հանձնաժողովի բոլոր անդամները:
Այսունահանդերձ, քանի որ Արտակ Զաքարյանը պատգամավորներին տեղյակ պահեց, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմափակում է նման քննարկման հնարավորությունը, նախագիծը բացասական քվեարկությամբ մտավ ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ:
Նախագծին «կողմ» քվեարկեցին «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը և «Հայ ազգային կոնգրեսից» Նիկոլ Փաշինյանը, «դեմ»՝ Ալեքսանդր Արզումանյանը և Համլետ Հարությունյանը, ով վերադարձել էր: Սակայն քանի որ հանձնաժողովի մյուս անդամները՝ Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արտաշես Գեղամյանը , Էդմոն Մարուքյանը, Սամվել Ֆարմանյանը չքվեարկեցին, նրանց ձայները ևս չհաշվվեցին «կողմ» ձայների հետ:
Բանն այն է, որ դրական եզրակացությամբ լիագումար նիստի կամ քառօրյայի օրակարգ մտնելու համար անհրաժեշտ է հինգ «կողմ» ձայն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Tert.am-ում: