«Միսս աշխարհ Արմենիա 2019»-ի հաղթող Լիանա Ոսկերչյանն արդեն Լոնդոնում է, որտեղ 20-ամյա գեղեցկուհին Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: «Միսս աշխարհ Արմենիա» և «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթների նախագահ, «Միսս Հայաստան 1998», գեղեցկուհի Գոհար Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե Լիանա Ոսկերչյանն ինչպես է գովազդելու Հայաստանը և ինչ գաղտնիք է պատմելու ժյուրիի անդամներին։
«Միսս աշխարհ» միջազգային 69-րդ մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին։ Մինչ այդ կա նախամրցութային չորս փուլ` տաղանդ, ինտելեկտ, թոփ մոդել և սպորտ: Այս փուլերից թեկուզ մեկում հաղթող ճանաչվելու դեպքում Լիանան կընդգրկվի այն 30 մասնակիցների կազմում, որոնք միմյանց հետ կմրցեն դեկտեմբերի 14-ին:
«Մենք այս տարի շատ լավ ենք պատրաստվել «Միսս տաղանդ» փուլին։ Թեև Լիանան տիրապետում է երաժշտական տարբեր գործիքների՝ դաշնամուր, կիթառ, սաքսոֆոն, որոշել է ներկայանալ հայկական քանոնով: Կներկայացնի Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը»,– ասաց Գոհար Հարությունյանը:
Այս օրերին մրցույթին մասնակցող յուրաքանչյուր աղջիկ 1 րոպեանոց տեսահոլովակի միջոցով ներկայացնում է իր բարեգործական ծրագիրը։
Հայաստանը կներկայացնի երկու տեսահոլովակ, որոնցից մեկը հենց մրցույթի կարգախոսն է՝ «Գեղեցկությունը՝ նպատակով». «Կարելի է ասել, որ դա Հայաստանի մասին մի հիասքանչ գովազդ է: Աշխարհին պատմելու ենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչպես ենք կերտել մեր պատմությունը` լինելով առաջին քրիստոնյա պետությունը»,-ասաց Գոհարը:
Ըստ նրա՝ դժվար է երկու ամսում բարեգործական ծրագիր կազմել և ներկայացնել, քանի որ մրցույթում կան մասնակիցներ, որոնք տարիներով են պատրաստվում այդ փուլին։ Նրանք ազգային մրցույթին մասնակցելուց առաջ իրենց բարեգործական հիմնադրամներն են ստեղծում և զբաղվում բարեգործությամբ։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: