Այսօր՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր են այցելում երկրապահներ, նախկին ազատամարտիկներ, տարբեր քաղաքացիներ:
Զինվորական պանթեոն է այցելել նաև ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք լարված են իր հարաբերությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Արթուր Վանեցյանի մասին իր հնչեցրած գնահատականի պատճառով: Ի պատասխան՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ տարաձայնությունները բնական են.
«Ցանկացած կուսակցությունում կարող են լինել տարաձայնություններ, առանց դրանց քաղաքական ուժը չի կարող լինել»,-ընդգծեց ԵԿՄ վարչության նախագահը: Նա վերահաստատեց իր այն կարծիքը, ըստ որի՝ ԱԱԾ նախկին տնօրենը իր ընկերն է:
Միաժամանակ Սասուն Միքայելյանը վրդովվեց լրագրողներից մեկից այն հարցից, թե հնարավոր է Վանեցյանի գործոնը որոշ ուժեր շահարկել են այսպես կոչված դավադրության նպատակով:
«Դավադրություն չկա, հեքիաթներ մի հորինեք»,-ասաց ԱԺ պատգամավորը: