Հուլիս ամսվա սկզբից ի վեր «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 900 մարդ, իսկ այս տարվա ընթացքում բռնության զոհերի թիվը գերազանցել է 6 հազարը: Այս մասին հաղորդել է Իրաքում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը:
«Չնայած մեր ջանքերին՝ այս տարվա հունվարից հունիս ժամանակահատվածում 5,5 հազար մարդ է սպանվել և 12 հազարը՝ վիրավորվել: Միայն հուլիս ամսվա ընթացքում զոհվել է մոտ 900 մարդ», — նշել է Մլադենովը: Միջազգային պաշտոնյան ցավակցել է ահաբեկչությունների քաղաքացիական զոհերի ինչպես նաև անվտանգության աշխատակիցների ընտանիքներին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի խոսքերով՝ ՄԱԿ-ի առաքելությունն անհանգստացած է երկրում քաղաքացիական անձանց, հատկապես՝ կանանց, ծերերի ու երեխաների անվտանգության խոցելիությամբ: Մասնավորապես, վտանգված է քրիստոնյաների կյանքը, որոնց հարկադիր կրոնափոխություն կամ տեղահանություն է սպառնում: