Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` երկրում կորոնավիրուսի նման տեմպերի զարգացման դեպքում կառավարությունն ստիպված կլինի անցնել կոշտ միջոցների:
Araratnews.am-լրատվականը շրջել է Էջմիածնի փողոցներով, որպեսզի պարզի, թե քաղաքացիներն ինչպես են պահպանում արտակարգ դրության պայմանները:
Վարչապետի հայտարարությունից հետո, այսօր Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը կոչով դիմեց քաղաքացիներին, որպեսզի պահպանվեն համաճարակային անվտանգության կանոնները:
Էջմիածնի փողոցներում այսօր համեմատաբար քիչ մարդ կար: Կենտրոնական փողոցները սովորաբար մարդաշատ են լինում, բայց այսօր հակառակ պատկերն էր: Քաղաքի կենտրոնական հրապարակում և Մայր Աթոռի շրջակայքում գրեթե մարդ չկար։ Սրճարաններն էլ կիսադատարկ էին:
Անցորդները հիմնականում դիմակներով էին, չհաշված որոշ կարգազանցների, իսկ մարդկային կուտակումներն անհամեմատ նվազել էին. տեղ-տեղ կարելի էր հանդիպել 3-4-հոգանոց փոքր խմբերի:
Նկարահանման պահին քաղաքապետարանի հարակից այգում մի քանի երեխա կար: Հիմնականում դիմակներով`պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Ի դեպ, նկատեցինք, որ քաղաքային տրանսպորտից օգտվող էլ գրեթե չկար: Անգամ ոստիկանական հսկիչ խմբերի չհանդիպեցինք: Կանգառներում և փողոցներում իրավապահ համակարգի ոչ մի ներկայացուցիչ չկար, թեպետ վաղ առավոտից ոստիկանական շրջիկ մեքենաները բարձրախոսներով իրազեկում են քաղաքացիներին, որպեսզի պահպանեն պարետի որոշումները։
Երկրում վարակի օրեցօր աճը և մահացությունների պատճառը կանոնները չպահպանելն է: Ստեղծված ծանր կացությունից դուրս գալու ելքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունից է կախված: Այլապես վիրուսի ճիրաններից ազատվել չի լինի:
Հայկ Մագոյան