Այս օրերին աշխարհի համայն մարդկության ամեենաքննարկվող թեման կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է: Բացառություն չէ նաեւ Հայաստանը, որտեղ երեկվանից մտցվել է արտակարգ դրություն։
Արարատնյուզը պարբերաբար ներկայացնում է ՀՀ մարզերում տիրող իրավիճակը։ Արմավիրի մարզային իշխանությունները, Արմավիր, Էջմիածին քաղաքների ղեկավարներն անում են հնարավոր ամեն բան՝ տարածաշրջանում համաճարակի կանխարգելման ուղղությամբ:
Արմավիրի մարզի լրատվության բաժնից Araratnews.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ մարզային իշխանությունը հետևում է կառավարության և պարեկապետի որոշումներին: Ըստ այդմ` կախված որոշումների, առաջարկությունների հրատապությունից, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները կաշխատեն այնպես անել, որ իրավիճակը դրական ընթացք ունենա:
Արմավիրի մարզի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ պարեկապետը այս պահին նոր որոշում չունի: Առաջիկա փոփոխությունները կհրապարակվեն ինչպես մարզպետարանի կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Մարզպետարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը. այս պահի դրությամբ պահպանվում են անվտանգության կանոնները: Էջմիածնում և Արմավիրում իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Պարենային սպասարկման մասնավոր օբյեկտները շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքը: Մարզպետարանը, առաջնորդվելով երեկ վարչապետի հնչեցրած դիրքորոշմով, ամեն բան կանի, որ մարզում հետզհետե դրական տեղաշարժ գրանցվի:
Այս պահին՝ այսքանը: Հիշեցնենք, որ ոստիկանությունը, բուժսպասարկող անձնակազմը սերտ համագործակցում են մարզային ու քաղաքային իշխանությունների հետ: Այս մասին Ararartnews.am-ի հետ զրույցում ընդգծեցին ինչպես Արմավիրի մարզի լրատվության բաժնից, այնպես էլ Էջմիածին և Արմավիր քաղաքների քաղաքապետարաններից:
Հայկ Մագոյան