Ժողովուրդ ջան, քաղաքական մեծամասնություն ջան, ընդդիմադիրներ ջան, եկեք մոռանանք այս քննարկումը և նորից սկսենք, հասկանանք ինչ է. ԱԺ-ում զանգերի ֆիքսման նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Այս նախագծով որևէ դեպքում հեռախոսային խոսակցություններ չեն գաղտնալսվելու, սովորական պայմաններում հեռախոսազանգի փաստը չի ֆիքսվելու, արտակարգ դրության պայմաններում հեռախոսային կապի հաստատման փաստը չի արձանագրվելու, արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի արձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարագ դրության ժամանակ»,- ասաց նա։
Միզրոյանը նշեց, որ այս փաստը արձանագրելուց հետո այս քննարկումը կարելի էր ավարտել, չկա այլ բան, բայց, այնուամենայնիվ, մի քանի բան ունի ասելու: «Մեզ մեղադրում են մարդու իրավունքների ազատության սահմանափակումների մեջ՝ մոռանալով, որ մենք մեր կյանքի մեծ մասն անցկացրել ենք այդ իրավունքի համար պայքարելով։ Հիմա պայքարում ենք մարդկային կյանքի համար, եկել մեծամասնությանը ամոթանք եք տալիս»,- ասաց Միրզոյանը և հավելեց.
«Ես էլ եմ համաձայն՝ այս ֆիլտրով անցած մարդկանց մասը փոքր է լինելու, որովհետև լինելու են «Վոթսափը», «Սիգնալը»: Մարդիկ կարող է՝ չզանգեն իրար, բայց հայտնվեն նույն տեղում ու շփվեն իրար հետ, բայց փոքր տոկոս անցնելու է այս ֆիլտրով, գուցե սա տասնյակ հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց կյանք է: Ժողովուրդ ջան, եկեք մի հատ էլ հիշենք, աշխարհը փոխվում է սրընթաց, երկիր կա, արդեն չգիտեն՝ ինչ անեն, կործանվում է այդ երկիրը»:
«Մեր իշխանություններն օր ու գիշեր այնտեղ ճռում են, բերել են նախագիծ, ասում են՝ մեզ էս գործիքն էլ ա պետք։ Անթերի՞ է այդ գործիքը, ոչ, որովհետև իրենք 24 ժամ անընդհատ աշխատում են տարբեր գաղափարների վրա, բերել են, մենք էլ նայել ենք, ասել ենք՝ լավ, բերել եք, կարծում ենք՝ սա ավելորդ եք գրել, չափազանց է, ջնջել ենք։ Տվյալների պահպանումը արտակարգ իրավիճակից հետո, որ նույնիսկ գրել եք՝ ապաանձնավորված, ասել ենք՝ պետք չի, ոչ էլ ապաանձնավորված, որովհետև, եթե փոքրիկ հավանականություն կա, որ հետագայում դա կարող է ի չարս օգտագործվել, կառավարությանն այդպիսի գործիք տալ չի կարելի, հանեցինք և այդպես շարունակ»,- ասաց նա։
Միրզոյանն ընդգծեց՝ բազմաթիվ բաներ հանել են, և դա նրանից չէ, որ մարդիկ ուզում էին չարաշահել, բերել էին այլանդակ, սարսափելի փաթեթ, այլ նրանից է, որ ամեն վայրկյան պայքարելով համաճարակի դեմ՝ ինչ-որ գործիքներ էին նախատեսել, բերել էին և ժամանակ էլ չեն ունեցել նայելու մանրամասն։
«Արդյունքում հասել ենք հավասարակշռության կետին, որ պետք է կիրառել մարդկանց կյանքերը փրկելու և այլանդակ սահմանափակումներ չանելու համար։ Էս ամբողջը, ժողովուրդ ջան, մոռացեք, ձեր դասագրքերը, որ իրավաբանության ֆակուլտետներում եք կարդացել, խնդրում եմ, մոռացեք, հիմա այդ պահը չի։ Համաճարակ է, պետք է փրկել մարդկային կյանքեր,և էս օրենքի նախագիծը եթե ընդունվեց, ասենք, 7 կյանք է փրկելու, դե դեմ քվեարկեք»,- եզրափակեց Միրզոյանը: