New York Times թերթը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես պնդում են, արձանագրված է այն պահը, երբ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing 737-800–ին երկու հրթիռ են հարվածում:
Դատելով կադրերից` սկզբում մեկ հրթիռ են արձակում ինքնաթիռի վրա, իսկ 30 վայրկյան անց արձակվում է երկրորդը, ինչից հետո ինքնաթիռը դեռ մոտ մեկ րոպե օդում է մնում, հետո հրդեհվում է ու սկսում ընկնել։
ԶԼՄ–ները պարզել են, որ տեսանյութը YouTube–ում է հրապարակվել հունվարի լույս 14–ի գիշերը, այն հրապարակել է օգտատերը Իրանից։ Տեսանյութը նկարահանվել է Թեհրանի մոտակայքում գտնվող Բիդկան գյուղից ոչ շատ հեռու գտնվող շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով։
Ավելի ուշ «Ռեյթերը», հղում անելով իրանական Fars գործակալությանը, հայտնել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) ձերբակալել է տեսանյութի հեղինակին։ Իշխանությունը խոստացել է քննություն անցկացնել ու հրապարակել արդյունքները։