ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են մի փոքր թուլացնել Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, եթե առաջընթաց գրանցվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
NBC հեռուստաալքին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը «չափավոր թուլացման» մասին է, իսկ պատժամիջոցների ամբողջական համակարգը կմնա։ Եթե պարզվի, որ Թեհրանը չի հետևում ձեռքբերված պայմանավորվածություններին, ապա ամերիկյան կողմը կրկին կվերադառնա իր նախկին դիրքերին։
Այսօր Ժնևում կշարունակվեն Իրանի և «վեցյակի» բանակցություններն այդ հարցի շուրջ։ Երեկ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Արևմուտքի և Իրանի հակասությունները կարող են լուծվել մինչև շաբաթվա վերջ, եթե բոլոր կողմերը գործադրեն անհրաժեշտ ջանքեր։